Բաժիններ՝

Tesla-ն շուրջ 1 մլրդ դոլարի չափով վնաս է արձանագրել

Էլեկտրամոբիլների արտադրությամբ զբաղվող Tesla ամերիկյան ընկերության վնասները 2018 թվականի արդյունքներով կազմել են շուրջ 976 մլն դոլար (մեկ բաժնետոմսի դիմաց՝ 5,72 դոլար): Այդ մասին վկայում է Tesla-ի՝ հունվարի 30-ին հրապարակված կորպորատիվ հաշվետվությունը:

Ինչպես նշվում է տարածված տվյալներում՝ 2018 թվականին ընկերության ընդհանուր հասույթը կազմել է մոտավորապես 21,4 մլրդ դոլար, ինչը նրա համար ռեկորդ է գոյության ողջ ժամանակաշրջանում: 2018 թվականի չորրորդ եռամսյակում հասույթն ավելացել է մինչեւ 7,2 մլրդ դոլար:

2018 թվականի վերջին երեք ամսվա ընթացքում զուտ շահույթը կազմել է մոտավորապես 139,4 մլն դոլար: Երրորդ եռամսյակում այդ ցուցանիշը 311,5 մլն դոլարի նշագծին էր: Այսպիսով, ինչպես նշում է The Verge պորտալը, սա Tesla-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ անընդմեջ երկու եռամսյակների արդյունքներով ընկերությունը շահույթ է արձանագրում: Ընդսմին հրապարակված հաշվետվության մեջ ավտոարտադրողը կանխատեսում է արել, որ 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակը շահութաբեր է լինելու իր համար:

Tesla-ն նաեւ հայտարարել է, որ պլանավորում է Model 3 էլեկտրամոբիլների թողարկման՝ տարեկան 500 հազար մեքենա խոստացված ծավալներին հասնել 2019 թվականի չորրորդ եռամսյակի եւ 2020-ի երկրորդ եռամսյակի միջեւ ընկած ժամանակահատվածում: Ավելի վաղ պլանավորվում էր, որ այդ ցուցանիշը ձեռք կբերվի արդեն 2018 թվականին, սակայն դա տեղի չունեցավ:

Ինչպես նշում է Reuters գործակալությունը, ներդրողներին չի ոգեւորել Tesla-ի ֆինանսական հաշվետվությունը: Վերլուծաբանները շահույթի ավելի բարձր ցուցանիշներ էին կանխատեսում չորրորդ եռամսյակի համար: Բորսայի սակարկություններում ընկերության բաժնետոմսերի արժեքը հունվարի 30-ին ընկել է գրեթե 3 տոկոսով:

Tesla-ն հիմնվել է 2003 թվականին: Ընկերության կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ-ի Փալո-Ալթո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ): Սկզբում Tesla-ն մասնագիտանում էր բացառապես էլեկտրամոբիլների արտադրության բնագավառում, սակայն ավելի ուշ սկսեց զբաղվել արեւային մարտկոցների եւ էներգակուտակիչ այլ համակարգերի ստեղծմամբ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս