
Փաշինյանը նպատակահարմար չի համարում ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը նախարարության վերածելը

Եթե Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը նախարարության կարգավիճակ ստանան, ապա այդ ուժային կառույցներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քաղաքականացվելու են: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Միանշանակ է, որ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, սակայն դա չի նշանակում, որ դրա ճանապարհն այդ կառույցները նախարարություն դարձնելն է: Ի՞նչ է նշանակում նախարարություն: Նշանակում է, որ այդ ուժային կառուցի ղեկավար պետք է նշանակվի քաղաքական դեմք, սրանից բխում է, որ այդ ուժային կառույցն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քաղաքականացվելու է»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ ներկայիս կարգավորման արդյունքում ոստիկանության, իրավապահ համակարգի կայունությունը որոշակիորեն պահպանվել է: Այսինքն՝ կադրային փոփոխությունները լինում են շատ բալանսավորված, որ դրանից երկրի անվտանգությունը չխաթարվի: «Իսկ նախարարի դեպքում հայեցողական պաշտոն է: Այս պարագայում կան որոշակի չափանիշներ: Ոստիկանությունը և կառավարությանն առընթեր մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, դրա հետ ես համաձայն եմ»,-նշեց վարչապետը:
Փաշինյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին աննախադեպ դեպք է տեղի ունեցել, երբ ԱԱԾ տնօրենը գնացել է խորհրդարան ու անձամբ մասնակցել բյուջեի կատարողականի քննարկումներին։ Վարչապետը շեշտեց, որ նախկինում խորհրդարանում ինքն այդ հարցը ևս բազմիցս բարձրացրել էր:
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ որևէ նախարարությունը վարչապետին պակաս ենթակա չէ, քան ԱԱԾ-ի կամ Ոստիկանության պետը. բոլոր երկրներում է այդպես: