Բաժիններ՝

«Մի քանի օր ունենք՝ հաստատելու կամ խայտառակվելու համար». «Փարոս» հաշմանդամություն ունեցողների երգչախումբը 10 մլն դրամի համար կանգնած է փաստի առաջ

«Փարոս» երգչախումբը, որի անդամների մեծ մասը հաշմանդամության սայլակ օգտագործող անձինք են, պաշտոնական հրավեր է ստացել Ֆրանսիայից՝ ելույթ ունենալու Փարիզում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված համալիրում։
Ելույթը նախատեսված է այս տարվա հունիսին, սակայն մինչև այսօր երգչախմբից չեն հաստատել՝ արդյո՞ք մասնակցելու են այդ համերգին, թե՞ ոչ, քանի որ ավիատոմսերի գումար չեն կարողանում հայթայթել։

«Ունիսոն» հ/կ ղեկավար Արմեն Ալավերդյանի խոսքով՝ երգչախումբն ունի 25 տարվա պատմություն, հանդես է եկել Հայաստանում, Արցախում և արտերկրում, մասնակցել է տարբեր մրցույթների ու փառատոների՝ գրանցելով մեծ հաջողություններ։

«Նախորդ տարի Ֆրանկոֆոնիայի օրերին «Ոքս Սիրենիս» երգչախումբը մեզ հետ ելույթ ունեցավ Երևանում, համերգն ունեցավ հաջողություն, նրանք այնքան էին տպավորվել, որ մեզ հրավիրեցին Փարիզ, այս հրավերն այնքան ժամանակ լուրջ չէինք ընդունում, մինչև Ֆրանսիայից ստացանք պաշտոնական հրավեր։ Հունիսին նրանք նախատեսել են երեք համերգ»,- ասաց Արմեն Ալավերդյանը։

Ըստ նրա, սովորաբար նման հրավերներ ստանալուց հետո միշտ դիմել են իշխանություններին և ստացել նրանց աջակցությունը, սակայն այսօր նախարարությունների մի մասը գտնվում է վերակազմավորման մեջ, և երգչախմբի Ֆրանսիա մեկնելու ֆինանսավորման հարցը դեռ չի լուծվում, մինչդեռ Ֆրանսիայում մարդիկ նախատեսված համերգների համար տոմսեր են պատվիրում։

«Մենք հարմարվող ենք: Իհարկե, լավ կլիներ ուղիղ չվերթով Երևանից մեկնել Փարիզ, սակայն այդ դեպքում ավիատոմսերը թանկ են, մենք գտել ենք ավելի մատչելի տարբերակ՝ Ստամբուլից մեկնել Ֆրանսիա, այդ ուղևորության համար պահանջվում է մոտավորապես 10 մլն դրամ։ Կարծում եմ՝ սա այն թիվը չէ, որի համար մենք կարող ենք հանկարծ խայտառակ լինել։ Այս պատճառով էլ մենք համապատասխան աջակցություն պետք է ստանանք համապատասխան մարմնից, ինչո՞ւ չէ՝ նաև երկրի ղեկավարից։ Մի քանի օր ունենք՝ հաստատելու կամ խայտառակվելու համար»,- նշեց Արմեն Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ հրավիրող կողմը լուծելու է իրենց կեցության և սննդի հարցերը, ուստի ամոթալի կլինի, եթե չկարողանան ավիատոմսերի գումարը գտնել և մասնակցել համերգին։

«Մեր վերջնական պատասխանը պետք է տանք փետրվարի սկզբին։ Դիմում եմ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին, ՀՀ վարչապետին, Մշակույթի նախարարությանը, խնդրելով աջակցել ավիատոմսերի ձեռքբերման հարցում»,- շեշտեց Ա. Ալավերդյանը։

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի ՀՀ սոցապ նախարար Զարուհի Բաթոյանից, որը նույնպես հաշմանդամություն ունի, Արմեն Ալավերդյանը նշեց, որ բոլոր սոցապ նախարարներից ունի մեկ ակնկալիք, որ հաշմանդամություն ունեցող և անաշխատունակ անձինք ստանան արժանապատիվ թոշակ, որպեսզի կարողանան նորմալ ապրել, ոչ թե գոյատևեն և սովամահ լինեն։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս