
«Վերջ, սրանով ամեն ինչ ասված է. այսինքն՝ ոչ ոք պարտավոր չէ ոչ մեկին որևէ բան վճարել». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջողվել է վերացնել տնտեսական մենաշնորհները: Ռուսական RBK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ի՞նչ է սա նշանակում, սա չի նշանակում, որ որևէ մեկը դադարել է որևէ ապրանքատեսակի առևտրով զբաղվել, դա նշանակում է, որ ուրիշները ևս կարող են այդ շուկաներ մտնել: Նախկինում նման հնարավորություններ չեն եղել: Հիմա այդ հնարավորությունները կան, և դրանք ոչ միայն գոյություն ունեն, այլ նաև երաշխավորված են»,- ասել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանում շուկաների հասանելիության առումով որևէ խոչընդոտ չկա. բոլոր գործարարները հնարավորությունների առումով ունեն նույն հասանելիությունը:
Հարցին, թե ինչի՞ հաշվին է հաջողվել փոխել խաղի կանոնները, որոնցով տարիներ շարունակ աշխատել են մենաշնորհ ունեցող տնտեսվարողները, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Նրա հաշվին, որ հիմա կա միայն մի կանոն՝ օրենքի կանոնը: Օրենքի առաջ բոլորը հավասար են»:
Նա հավելել է, որ երբ դարձել է վարչապետ, հավաքել է գործարարներին և ասել նրանց, որ որևէ կոռուպցիոն պարտավորություն նրանց վրա չկա:
«Վերջ, սրանով ամեն ինչ ասված է: Այսինքն՝ ոչ ոք պարտավոր չէ ոչ մեկին որևէ բան վճարել: Միակ պարտավորությունն օրենքով աշխատելն ու հարկերը վճարելն է: Եթե այս պայմանը պահպանվում է, նշանակում է որևէ խնդիր չկա»,-ընդգծել է ՀՀ վարչապետը: