ՊԵԿ-ին ձեռնտու չէ բիզնես ոլորտի շահերը ներկայացնող և պաշտպանող կազմակերպությունների գոյությունը
Ֆինանսների նախարարությունը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը դրել է հանրային քննարկման:
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է եկամտային հարկի համահարթեցում, մի քանի ապրանքատեսակների ակցիզային հարկի բարձրացում, շահութահարկի նվազեցում, խաղային ոլորտի հարկերի բարձրացում և այլն։
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի փոխանցմամբ՝ առանց որևէ հանրային քննարկման ներկայացվել են նաև հաշվապահական և իրավաբանական ծառայություններին շրջանառության հարկի՝ հարկման դաշտում աշխատելու սահմանափակումների վերաբերյալ նոր դրույթներ:
«Այս ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը, երբ որ այն որևէ շահագրգիռ անձի հետ չի քննարկվել: Բովանդակային առումով որևէ անդրադարձ չի կատարվել հաշվապահական և իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպություններին, շրջանառության հարկով հարկման դաշտում աշխատելու սահմանափակումներին:
Իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող սուբյեկտների համար հարկային բեռը 30 տոկոս ավելացնելու պայմաններում ավելանալու է ստվերային դաշտում գործող սուբյեկտների քանակը, դրանք ազդելու են հաշվապահական և իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց գնային քաղաքականության վրա, միկրո և միջին բիզնեսի ներկայացուցիչները զրկվելու են մատչելի իրավական և հաշվապահական աջակցություն ստանալու իրավունքից: Գաղտնիք չէ, որ այս ծառայություններն ավելի մատչելի են, քան գլխավոր հաշվապահի կամ իրավաբանի հաստիք պահելը:
Նաև հարց է առաջանում, թե ինչո՞ւ մարքետինգի, բժշկության, շինարարության ոլորտում աշխատող սուբյեկտներն իրավունք ունեն աշխատել շրջանառության հարկի դաշտում, իսկ հաշվապահական և իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունները՝ ոչ: Պատասխանը, իմ կարծիքով, պարզ է: ՊԵԿ-ին ձեռնտու չէ բիզնես ոլորտի շահերը ներկայացնող և պաշտպանող կազմակերպությունների գոյությունը, բարենպաստ հարկային դաշտում աշխատելը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աուդիտորների պալատի նախագահը:
Նրա խոսքով՝ մինչև 2018 թվականը շահութահարկի գծով բեռը եղել է 20 տոկոս, այժմ, երբ շահաբաժինները հայտարարվեն և դառնան բաշխման ենթակա, այս դեպքում կունենանք 20 տոկոս շահութահարկի գծով բեռ և 5 տոկոս շահաբաժնի հարկ:
«Փորձ է արվում հանրությանը շփոթության մեջ գցել և ասել, որ հարկային բեռը շահութահարկի մասով նվազում է՝ դառնալով 18 տոկոս, այնինչ ընդհանուր դառնում է 23 տոկոս: Մենք ընդհանրապես դեմ ենք նման տեսակի փոփոխություններին: Եթե ցանկանում ենք ՀՀ-ում ներդրումային գրավչությունը, արտահանման ծավալները զարգացնել, առնվազն պետք է ոլորտային դրույքաչափեր սահմանել և գերակա ոլորտում գործունեություն ծավալող, բացառապես ՀՀ-ից արտահանող սուբյեկտների համար շահութահարկի շատ ավելի բարենպաստ պայմաններ առաջարկել և ցածր հարկադրույքներ կիրառել: Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում բնակչությունը հիմնականում կենտրոնացված է Երևանում, ուստի կարելի է շահութահարկի դրույքաչափն անփոփոխ թողնել Երևանի և հարակից շրջանների համար, իսկ հեռավոր շրջաններում շահութահարկի բեռն անհամեմատ թեթևացնել՝ հասցնելով 5-10 տոկոսի: Այս դեպքում մենք կունենանք տարածքային համաչափ զարգացում»,- նշեց Նաիրի Սարգսյանը:
Հարկ վճարողների պաշտպանություն հ/կ նախագահ Փայլակ Թադևոսյանն էլ նշեց, որ համակարգային փոփոխության հարցերն անհրաժեշտ է քննարկել, ուսումնասիրությունների, վերլուծությունների հիման վրա նոր որոշում կայացնել:
«Դրա համար պետք է մեկ տարով հետաձգել այս փոփոխությունները: Միգուցե նոր Հարկային օրենսգիրք մշակենք, որը կապահովի նոր տնտեսական մոտեցումները հարկային նոր գործիքակազմով»,- ընդգծեց Փայլակ Թադևոսյանը:
Անի Կարապետյան