«Միլիոնավոր դոլարներ պարգևավճար են տալիս, բայց պարարտանյութի գործարան և լոգիստիկ կենտրոններ կառուցելու համար գումար չկա». Բերբերյան
Նախորդ շաբաթ «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում նշել էր, որ Հայաստանում լոգիստիկ կենտրոններ ստեղծելու համար Ռուսաստանը պատրաստ է 50 մլն դոլարի ներդրումներ իրականացնել, որտեղ Հայաստանի մասնաբաժինը կազմում է մոտավորապես 10 տոկոս։
Նա նաև տեղեկացրել էր, որ ծրագիրը քննարկելու համար պետք է Հայաստան ժամանի ռուսական պատվիրակությունը։
Հիշեցնենք, որ Հրաչ Բերբերյանն առաջարկում է, որպեսզի Հայաստանում ստեղծվեն լոգիստիկ կենտրոններ՝ մեծածախ շուկա, որտեղ սպառողները կարող են վաճառել գյուղատնտեսական ապրանքը, Լարսը փակ է, և տվյալ ապրանքը հնարավոր չէ արտահանել։
168.am-ը Հրաչ Բերբերյանից հետաքրքրվեց՝ ռուսական պատվիրակությունը ժամանե՞լ է Հայաստան, ի՞նչ փուլում է ծրագիրը։
«Հայաստան է ժամանել ՌԴ նախագահին կից տնտեսական զարգացման հանձնաժողովի նախագահ պարոն Տիխոնովը, հանդիպումներ եղան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում։ Ի զարմանս մեզ, մյուս նախարարությունները չէին զգուշացվել, Տնտեսական զարգացման նախարարությունը պարտավոր էր զգուշացնել, քանի որ հանդիպմանը պետք է ներկա լինեին շահագրգիռ հինգ նախարարություններ։ Հանդիպմանը մասնակցում էին երկու փոխնախարար, որոնք կարծես թե շատ վատ էին տրամադրված այդ առաջարկվող ծրագրերին»,- նշեց Հրաչ բերբերյանը։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում երկու ծրագրի իրականացման առաջարկ է հնչել՝ լոգիստիկ կենտրոնի կառուցում, որտեղ Հայաստանը կունենա իր մասնաբաժինը, և Մոսկվայում պարարտանյութի գործարանի կառուցում՝ նույնպես Հայաստանի մասնաբաժնով։
«Տնտեսական զարգացման նախարարությունում պատճառաբանություններ եղավ, որ ֆինանսներ չկան, սա՝ այն դեպքում, երբ միլիոնավոր դոլարներ պարգևավճարներ են տվել։
Բայց որ ասում ենք՝ պարարտանյութի սեփական գործարան ունեցեք և սեփական տրանսպորտային միջոց՝ Հայաստանի գյուղմթերք արտահանելու համար, ասում են՝ ֆինանսներ չկա»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա նաև տեղեկացրեց, որ ՌԴ նախագահին կից Տնտեսական զարգացման հանձնաժողովի նախագահը հանդիպել է այլ կարևոր մարդկանց հետ ևս, որից հետո հույսեր են արթնացել, որ սայլը տեղի կշարժվի։
«Մենք ամեն ջանք ու եռանդ կներդնենք, որպեսզի ՀՀ գյուղատնտեսությունը զարգացնենք։ Մեր բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են, և հանձին մեր միավորման՝ այս վիճակից դուրս գալու համար խթան է հարկավոր։ Օրինակ, եթե պարարտանյութի հումքը բնական գազն է, և մենք չունենք այդ գազը, ինչո՞ւ չեն կարող մասնակցել ծրագրին և ունենալ բաժնեմաս։ Այստեղ բարդ բան չկա, շատ պարզ հաշվարկ է»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։
Զվարթ Խաչատրյան