Վենեսուելայում ցույցերի ժամանակ ևս մեկ մարդ է մահացել
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում շարունակվող բողոքի ակցիաների հետևանքով ևս մեկ մարդ է մահացել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, 18-ամյա երիտասարդը զոհվել է հրազենային վնասվածքի պատճառով:
Վենեսուելայում հունվարի 18-ից բողոքի ակցիաներ են սկսվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, ով հերթական նախագահական ընտրություններից հետո հունվարի 10-ից վերստին ստանձնել էր երկրի ղեկավարի պաշտոնը: Խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն հունվարի 23-ին ինքն իրեն հռչակել է պետության ժամանակավոր ղեկավար՝ ժամանակավոր կառավարության գործունեության ընթացքում:
Երկրում այս օրերին շարունակվող ցույցերի հետևանքով զոհերի թիվն անցնում է մեկ տասնյակը:
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ընդունում է Գուաիդոյին՝ պահանջելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, ում նրանք չեն համարում երկրի օրինական ղեկավար, ընդդիմության դեմ ուժային գործողություններ թույլ չտալ: Գուաիդոյին որպես Վենեսուելայի ղեկավար ԱՄՆ-ից բացի ճանաչել են նաև Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Գվատեմալան, Հոնդուրասը, Պանաման, Պարագվայը, Պերուն, Վրաստանը, Ալբանիան և մի շարք այլ երկրներ:
Վենեսուելայի պաշտպանության նախարարը կատարվածն անվանել է երկրում օրինական իշխանությունների, ժողովրդավարության ու լեգիտիմ նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ պետական հեղաշրջում: