ՀՅԴ-ն անվերապահ աջակցություն է հայտնում Արցախի իշխանություններին. կուսակցության Ընդհանուր ժողովը հայտարարություն է ընդունել
Հայ Յեղափոխական Դաշնակցության Ստեփանակերտում անցկացված 33-րդ Ընդհանուր ժողովը հայտարարություն է ընդունել, որով հրատապ անհրաժեշտություն է համարել Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկետներում կնքումը։ Ինչպես տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, կուսակցության ընդհանուր ժողովը նաև նշել է, որ Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով եւ Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են:
«Աշխարհասփյուռ իր կառույցով, ՀՅԴաշնակցոթյունն անվերապահ աջակցություն է հայտնում Արցախի Հանրապետության իշխանություններին՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման հարցերում և հայտնում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու այդ հանձնառությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նկատի ունենալով վերջին ամիսներին Արցախի շուրջ բանակցությունների ակտիվացումը, այդ ընթացքում հակամարտության կողմերի և միջնորդների արված հայտարություններով ու քայլերով պայմանավորված մտահոգությունները, ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը նաև արձանագրել է, որ բանակցությունները պետք է ընթանան Արցախի Հանրապետության իշխանությունների լիարժեք մասնակցությամբ։