Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախազգուշացրել է սոցցանցերի վտանգի մասին
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունում է սոցիալական ցանցերի դրական դերը, սակայն նախազգուշացնում է, որ դրանք կարող են պարունակել նաեւ որոշակի վտանգներ, ուստի պատասխանատվություն են պահանջում օգտատիրոջ կողմից: Այդ մասին ասված է Սուրբ աթոռի մամուլի ծառայության՝ հունվարի 24-ին հրապարակված պապական ուղերձում, որն արվել է Սոցիալական հաղորդակցումների համաշխարհային օրվա կապակցությամբ:
«Հարկ է ընդունել, որ սոցիալական ցանցերը, մի կողմից՝ ծառայում են մերձեցմանը, համերաշխությանը, միմյանց օգնելուն, մյուս կողմից՝ թույլ են տալիս չարաշահել անձնական տվյալները քաղաքական կամ տնտեսական օգուտներ ստանալու նպատակով՝ քամահրելով մարդու իրավունքները»,-ասված է Ֆրանցիսկոսի ուղերձում:
«Հասարակությունը, ինչպես եւ Ցանցը, պատասխանատվության վրա հիմնված ուշադիր երկխոսություն են պահանջում այդ հաղորդակցման լեզվի օգտագործման հարցում: Առայժմ Ցանցը չի կարելի հավասարեցնել հասարակությանը, թեեւ առանձին դեպքերում այն ապացուցում է իր հանձնառությունը համերաշխության սկզբունքներին, բայց ավելի հաճախ դրանք առանձին մարդկանց խմբեր են, որոնք միավորված են շահերով ու թեմաներով՝ թելադրված թուլությամբ»,- հավելել է Հռոմի պապը:
«Տեղ է բացվում էթիկական, սեռական, կրոնական բնույթի ամեն տեսակ նախապաշարումների տարածման համար: Եվ այդ ցանցը մեր առջեւ դնում է էթիկական, քաղաքական, իրավաբանական, տնտեսական բովանդակության հարցեր, որոնք ծառացած են նաեւ Եկեղեցու առջեւ»,- նշել է քահանայապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: