
60-ից ավելի թալիբներ են սպանվել Աֆղանստանի Ֆարյաբի նահանգում

Աֆղանստանի զինված ուժերը միջազգային կոալիցիայի հետ համատեղ «Թալիբան» ահաբեկչական շարժման 60-ից ավելի զինյալների են ոչնչանցել երկրի հյուսիս-արեւմուտքի Ֆարյաբի նահանգում: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
«Աֆղանստանի ռազմաօդային ուժերի աջակցությամբ Ֆարյաբի նահանգի Քայսար գավառի Շահ-Գուրա վայրում միջազգային կոալիցիոն ուժերի հետ կոորդինացմամբ իրականացված ցամաքային գործողության արդյունքում սպանվել է «Թալիբան» արմատական շարժման 61 զինյալ»,-հայտնել են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով նահանգի ոստիկանության մամուլի կենտրոնի պետ Աբդուլ Քարիմ Յուրիշին: Եվս երեք ծայրահեղականներ կալանավորվել են, նշել է Յուրիշը:
Սպանվածների թվում էր Մավլավի Ղանդամ Ալին, որը պատասխանատու էր հյուսիսային հինգ նահանգներում զինյալներին ֆինանսավորելու համար եւ օտարերկրյա քաղաքացի էր, ինչպես նաեւ Քայսարի գավառում թալիբների վարչակազմի ստվերային ղեկավարը, ասել է մամուլի կենտրոնի ղեկավարը:
Նա հավելել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում աֆղանական եւ կոալիցիոն ուժերն ավելի քան 12 օդային եւ ցամաքային հարվածներ են հասցրել նահանգի տարածքում զինյալների դիրքերին, ոչնչացվել է թալիբների ութ ռազմակայան եւ ծայրահեղականների 80 փոխադրամիջոց, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: