«Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի ռեժիսորին կրկին մեղադրել են մանկապղծության մեջ. The Atlantic
Եվս չորս տղամարդ է սեռական ոտնձգությունների մեջ մեղադրել հոլիվուդյան ռեժիսոր Բրայան Սինգերին, որը հայտնի է «Բոհեմական ռապսոդիա», «Իքս մարդիկ» եւ «Սուպերմենի վերադարձը» կինոնկարներով: Այդ մասին հունվարի 23-ին հայտնել է The Atlantic հանդեսը՝ պարզաբանելով, որ հակաիրավական գործողությունները տեղ են գտել, երբ դեռ չէր լրացել տուժածների տասնութ տարին։
«Հանդեսը 12 ամիս բազմաթիվ հայցեր ու մեղադրանքներ է ուսումնասիրել Սինգերի նկատմամբ: Ընդհանուր առմամբ մենք դիմել ենք 50 տարբեր աղբյուրների, ներառյալ չորս տղամարդկանց, որոնք ավելի վաղ ոչ ոքի չեն պատմել այն մասին, թե ինչ է իրենց հետ տեղի ունեցել»,-գրում է հրատարակությունը, ճշտելով, որ ռեժիսորին, մասնավորապես, մեղադրում են ինչպես անչափահասներին գայթակղեցնելու, այնպես էլ բռնաբարությունների մեջ: Տուժածներից շատերը The Atlantic-ի թղթակիցներին պատմել են, որ վերապրածի հետեւանքով իրենք հոգեկան տարբեր խանգարումներ են ունեցել:
2017 թվականի վերջին ռեժիսորին մեղադրել էին Սեսար Սանչես Գուսմանին բռնաբարելու մեջ, երբ վերջինս անչափահաս է եղել: Ռեժիսորի փաստաբանն այն ժամանակ հայտարարել էր, որ իր կլիենտը «կտրականապես մերժում է նմանօրինակ մեղադրանքները»:
Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկյուրիի (1946-1991 թթ.) մասին պատմող «Բոհեմական ռապսոդիա» կենսագրական դրաման հունվարի 22-ին «Օսկար» կինոմրցանակի է անվանակարգվել «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում:
Ավելի վաղ ֆիլմն արդեն «Ոսկե գլոբուս» է ստացել «Լավագույն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում, որը հանձնվում է Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: