Բաժիններ՝

«Ինչպես ժամանակին Բոնապարտի հրամանով Փարիզը մանսարդավորվեց, այնպես էլ Հայկ Մարությանի օրոք կկարողանանք Երևանի մանսարդների հարցը լուծել». Արթուր Մեսչյան

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի խոսքով՝ մանսարդներն աղավաղում են Երևանի արտաքին տեսքը, և արդեն խնդիր է դրված, որպեսզի «խելքի» բերվեն մայրաքաղաքի  5-րդ ճակատները։

«Այժմ մենք ունենք հետաքրքիր քաղաքականություն, երբ բնակիչների կողմից մեզ տրվում է առաջարկություն, որպեսզի թույլատրենք շինության ամբողջ երկայնքով կառուցել մանսարդ, մենք բավականին զարմացած և ուրախացած այդ ծրագրերն ընդունում ենք, քանի որ այն իր հետ բերում է 5-րդ ճակատի վերջնական լուծումը։

Շենքերի կաթոցները, որի համար մայրաքաղաքի ամբողջ բնակչությունը խնդիրներ ունի, դրանով լուծվում է։ Բոլոր նրանք, որոնք դիմում են մանսարդների համար, ես դրանք անվանում եմ պուճախային մանսարդներ, այսինքն՝ կառույցի վրա ուզում են միայն մեկ կտոր մանսարդ դնել, ապա իզուր թող չդիմեն, որովհետև ասելու եմ՝ ո′չ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի գլխավոր ճարտարապետը։

Նրա խոսքով՝ եթե մանսարդ կառուցող բնակիչը միանա բոլոր հարևաններին և միասնական մեկ նախագծով և մեկ շինարարի մասնակցությամբ ու կատարումով  դիմեն իրենց, ապա այդ դեպքում պատասխանը կլինի դրական, եթե, իհարկե, շենքի ճարտարապետությունը դա թույլ կտա։

Իսկ եթե շենքի վերջին հարկի բնակիչը չցանկանա մանսարդ կառուցել իր բնակարանի վերևում, ապա, ըստ Երևանի գլխավոր ճարտարապետի, այդ դեպքում քաղաքապետարանն իրավունք ունի այդ հողատարածքը տալ որևէ կառուցապատողի։

«Այս ամենի իմաստն այն է, որ մանսարդները կտոր-կտոր չեն լինելու։ Եթե նկատել եք, Երևանի ամբողջ բնակելի ֆոնդը քայքայվել է այդ մանսարդներով, և նույնիսկ ամենարժեքավոր բնակելի շենքերը ծանր վիճակում են։

Աստիճանաբար ընդհանուր մանսարդներ կառուցելով, ինչպես, օրինակ, ժամանակին Նապոլեոն Բոնապարտի հրամանով Փարիզը մանսարդավորվեց, այդպես էլ, կարծում եմ՝ Հայկ Մարությանի օրոք կկարողանանք Երևանի մանսարդների հարցը լուծել և ազատվել այդ խնդրից»,- շեշտեց Արթուր Մեսչյանը։

Նա նաև նկատեց, որ Երևանի մանսարդավորումը երկարատև և «խորամանկ» ծրագիր է, ինչը հնարավոր է իրագործել, քանի որ արդեն երկու փորձ կա։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս