Բաժիններ՝

«Արամի 23-ի հարցը փակված է, այն վերականգնելու համար հրավիրվել է իտալացի ճարտարապետ». Երևանի գլխավոր ճարտարապետ

«Արամի 23-ի հարցը լուծվել է, այսօր ՀՀ մշակույթի նախարարությունը, Տիգրան Հեքեքյանը և այդ տարածքն իրացնող ընկերությունը ստորագրելու են պայմանագիր։ Ըստ պայմանագրի՝ կառուցապատող ընկերությունը 14 մլն դոլար է տալիս իտալացի ճարտարապետ Լուչիո Պեցին, որը պետք է իրականացնի Արամի 23-ի վերականգնման նախագիծը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անրդադառնալով Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանի խնդիրներին։

Նրա կարծիքով՝ այս պահին պետք է բոլոր կողմերը հանգիստ լինեն, իսկ Երևանի քաղաքապետրանն այս հարցի հետ կապված որևէ առնչություն չունի՝ բացի բարոյականից։

«Մենք պարզապես այս ամենին զորավիգ ենք կանգնում, ինչը, իհարկե, բարի կամքի արտահայտություն է։ Կոնկրետ այս դեպքում հուշարձանի սեփականատերը և կառուցապատողն իրենց մեջ պետք է հարցը լուծեն։ Այնպես որ, Արամի 23-ի հարցը համարում եմ փակված։ Մի փոքր զարմանք կա, քանի որ աղմուկը Արամի 23-ի հետ կապված՝ մի քիչ ավելի շատ էր, քան պետք էր։ Չպետք է մոռանանք, որ Երևանում միայն Արամի 23-ի պատը չի քանդվել, ունեցել ենք բավականին դեպքեր, նույնիսկ մարդկային զոհերով, որոնց մասին այդքան աղմուկ չի եղել»,- ասաց Ա. Մեսչյանը և հուսադրեց, որ անհանգստանալ պետք չէ, ամեն ինչ կարգին է, և փլված պատն էլ  կվերականգնվի։

Անդրադառնալով «Հին Երևան նախագծի» գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանի այն հայտարարությանը, որ Արամի 23-ը պետք է քանդվի և տեղափոխվի, քանի որ կա կառավարության որոշում, Արթուր Մեսչյանը նկատեց՝ չի քանդվելու, ավելին՝ այս հարցում համաձայն չէ նաև ՀՀ վարչապետի հետ, որ հուշարձանը պահպանելու համար պետք է երկու մետր հեռու տեղափոխել:

«Ես մեր վարչապետին հարգում եմ, բայց ճարտարապետության հարցերում, կներեք, բայց նրա հետ չեմ կարող համաձայնել»,- շեշտեց Ա. Մեսչյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ելնելով իր տարիքից և հնարավորություններից՝ պլանավորում է գլխավոր ճարտարապետի պարտականությունները կատարել 2-2,5 տարի, և այդ ընթացքում այն, ինչ մտադրություն ունի անելու՝ կանի։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս