«Նախատեսված է կառուցել մետրոյի երկու նոր կայարան և ճոպանուղի». Մեսչյան
Լրացել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի պաշտոնավարման 100 օրը, որի կապակցությամբ այսօր նա ասուլիս էր հրավիրել։
Ըստ Արթուր Մեսչյանի, այս ընթացքում որոշ աշխատանքներ կարողացել է անել, որոշ գործերի հետ էլ առաջացել են խնդիրներ, սակայն բոլոր տեսանկյուններից 100 օրը բավականին հետաքրքիր է եղել, և այդ ընթացքում, ինչպես Մեսչյանը նկատեց՝ ճաշակել է և՛ քեն, և՛ ոխ։
«Այս ընթացքում համաձայնեցվել է 300 նախագիծ, 170 շինարարության թույլտվություն է տրվել, 20-22 քանդման աշխատանքներ, էսքիզային նախագծեր և այլն։ Ուրախ եմ, որ նախագծման ոլորտը բավականին ակտիվ է և դրական, ինչը նշանակում է, որ շուտով Երևանում ակտիվ շինարարություն կսկսվի՝ հատկապես բնակելի ոլորտում։ Կան նաև ստրատեգիական ծրագրեր, որոնցից մեկը Երևանի մետրոպոլիտենի նոր կայարաններ կառուցելն է՝ Աջափնյակ վարչական շրջանում։ Այս պահին չենք ուզում շատ խոսել այս ծրագրից, քանի որ այն կապված է բավական մեծ ծախսերի հետ։ Երկրորդ կարևոր ստրատեգիական ծրագիրը ճոպանուղին է, որը Նորքը պետք է կապի Երևանի կենտրոնի հետ։ Ըստ էության, ճոպանուղու ծրագիրն ավելի արագ կստացվի, քանի որ գումարային առումով ավելի համեստ ծախսեր է պահանջում, քան Մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երևանի գլխավոր ճարտարապետը։
Նրա խոսքով՝ այս ծրագրերի իրագործումն իրատեսական է, պարզապես պետք է աշխատել, և այս հարցում իրենց պետք է օգնի նաև Քաղաքաշինության նախարարությունը և Կառավարությունը, որպեսզի խնդիրները լուծեն։
Անդրադառնալով Օպերայի հարակից տարածքին, Արթուր Մեսչյանը տեղեկացրեց, որ Օպերայի տարածքի երկրորդ գոտին պետք է վերադարձնել քաղաքացիներին։
Նա վստահեցրեց, որ դրանով սրճարանների բիզնեսը չի տուժի, և աշխատատեղեր չեն փակվի, քանի որ դրանք երկու գոտու են բաժանվում, և իրենք վերցնելու են միայն տարածքի երկրորդ գոտին։
«Այդ տարածքները զբաղեցրած սրճարանների տերերն այդքան էլ մեղավոր չեն, մեղավոր են նրանք, որոնք թույլ են տվել նրանց զբաղեցնել այդ տարածքը։ Բիզնեսը, եթե հնարավոություն ունենա, ամեն ինչ կանի, պարզապես քաղաքը պետք է ասեր՝ ոչ։ Կարծում եմ՝ սեփականատերերի մեծ մասը մեզ կհասկանան, որ սա ոչ թե քաղաքապետարանի, այլ երևանցիների պահանջն է։ Ժամկետների առումով ոչինչ ասել չեմ կարող, քանի որ այժմ նախագիծ է իրականացվում»,- ասաց Արթուր Մեսչյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։
Զվարթ Խաչատրյան