«Անհամբերությամբ եմ սպասում մոտ ապագայում «Երկրի դրության մասին» ուղերձով ելույթին». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով ելույթ կունենա այն բանից հետո, երբ կլուծվի բյուջետային ճգնաժամը: Պետության ղեկավարն այդ մասին հունվարի 23-ին Twitter-ում հայտնել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին օրենսդիր մարմնում ելույթ ունենալու նրա իրավունքը մերժել է մինչեւ կառավարության աշխատանքի վերականգնումը:
«Մինչ «շաթդաունը» շարունակվում էր, Նենսի Փելոսին ինձ հրավիրեց ելույթ ունենալ «Երկրի դրության մասին» ուղերձով: Ես համաձայնեցի: Այժմ նա փոխել է իր կարծիքը «շաթդաունի» պատճառով՝ առաջարկելով ելույթ ունենալ ավելի ուշ: Դա նրա առանձնաշնորհն է եւ ես այդ դեպքում ուղերձով ելույթ կունենամ, երբ կառավարության աշխատանքը վերականգնված կլինի»,- հայտնել է նախագահը:
«Ես այլընտրական հարթակ չեմ փնտրում «Երկրի դրության մասին» ուղերձով ելույթի համար, որովհետեւ չկա այնպիսի մի վայր, որը կարելի լիներ զուգադրել Ներկայացուցիչների պալատի հետ՝ պատմության, ավանդույթների եւ նշանակալիության տեսակետից: Անհամբերությամբ եմ սպասում մոտ ապագայում «Երկրի դրության մասին» ուղերձով ելույթին»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: