Օրենքներ շրջանցելով՝ Սիրիա զորախումբ ուղարկելը սխալ է
Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ Հայաստանից Սիրիա զորախումբ կուղարկվի, որտեղ կլինեն ինժեներներ, բժիշկներ։ Ինչպես վարչապետն էր հայտարարել, սա հումանիտար աջակցություն է Սիրիայի հայկական համայնքին, և այն գործելու է հայկական դրոշի ներքո։
Այս հարցը փորձագիտական շրջանակների կողմից տարբեր կերպ մեկնաբանվեց. մի մասի կարծիքով՝ զորախումբն անհրաժեշտ է Սիրիայի հայկական համայնքի համար, մյուս մասն էլ պնդում է՝ աշխարհաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է հեռու մնա Սիրիայում կատարվող իրադարձություններից։
Հարցին անդրադարձել էր նաև ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը, ով ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ մասնավորապես նշելով.
«Անկախ նրանից, թե գործուղվող մարդիկ ինչ մասնագիտություն ունեն՝ բժիշկ, սակրավոր թե վարորդ, եթե նրանք Զինված ուժերի ծառայողներ են, ապա ենթարկվում են ԶՈւ-ի մասին ՀՀ օրենքին, ըստ որի՝ նրանք կարող են ծառայել Հայաստանից դուրս բացառապես միջազգային պայմանագրերի հիման վրա: Սա շատ կարևոր նրբություն է: Գործող իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի ոտնահարեն «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մասին» օրենքը, որի համաձայն՝ Հայաստանի տարածքից դուրս խաղաղապահ կամ ռազմական գործողություններին մեր զինված ուժերը կարող են մասնակցել միայն միջազգային պայմանագրով (4-րդ հոդված, 5-րդ մաս)։ Նման միջազգային պայմանագիր չի նախապատրաստվում, և Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այս հարցը լուծել առանց նոր փաստաթղթի:
Սա ոչ միայն իրավական հրամայական է, այլև Սիրիա գործուղվող մեր զինվորների համար երաշխիքների և պահպանության ամրագրման կարևորագույն գործիք: Կարելի է կռահել, որ առանց պայմանագրի, սուսուփուս Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու նախաձեռնությունը մի կողմից նպատակ ունի քողարկելու իրականում հենց զորախումբ ուժեր ուղարկելու փաստը, մյուս կողմից՝ հնարավորինս աննկատ անելու դա՝ չհրահրելով Արևմուտքի հավելյալ ուշադրությունն ու քննադատությունը»:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով՝ իր համար դեռ անհասկանալի է՝ արդյո՞ք պետք է Սիրիա զորախումբ ուղարկվի, թե՞ ոչ: «ՀՀ Զինված ուժերի օրենքի հետ կապված՝ ոչինչ չեմ կարող ասել, իսկ զորախումբ ուղարկելու վերաբերյալ դեռ կողմնորոշված չեմ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը։
Ռազմական փորձագետ Աշոտ Ասատրյանի կարծիքով՝ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում, այսինքն, եթե զորախումբը Սիրիայում պետք է գործի կնքված միջազգային պայմանագրի շրջանակներում, ապա պետք է այդ պայմանագիրը կնքվի։
«Իմ կարծիքով՝ նորմալ չէ, որ մի վայրում գործեն միջազգային պայմանագրի շրջանակներում, մեկ այլ վայրում՝ ոչ։ Եթե օրենքը պահանջում է, որ պայմանագիր պետք է կնքվի, ապա դրա առկայությունը պարտադիր է, որպեսզի ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում։ Միայն այս հարցը լուծելուց հետո պետք է անդրադառնան զորախումբ ուղարկելուն կամ չուղարկելուն»,- ընդգծեց ռազմական փորձագետը։
Ըստ նրա՝ Սիրիայում կան մեծ թվով հայեր և ժամանակ առ ժամանակ բախվել են տարբեր խնդիրների, Հայաստանն այդ ամենից անմասն չի մնացել և փորձել է աջակցել, ուստի այս ամենը հաշվի առնելով՝ լավ կլիներ, որ ՀՀ Զինված ուժերից այնտեղ ներկայացուցիչներ լինեին։
«Եթե դիտարկենք պետություն-քաղաքացի տեսանկյունից, ճիշտ կլինի զորախմբի ուղարկելը, բայց եթե այդ քայլին գնալուց պետք է օրենքներ շրջանցեն, ապա արդեն սխալ է»,- եզրափակեց Աշոտ Ասատրյանը։
Զվարթ Խաչատրյան