Պարտավոր ենք պաշտպանել ապագան
2019 թվականը Հայաստանի կրթության ոլորտում կարող է լինել բեկումնային տարի։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, համակարգում պետք է ներդրվի ապագայամետ, ռազմավարական մտածելակերպ և գործելակերպ։ Մեր կրթական համակարգի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ վերջին տարիներին կրթության ոլորտում չի ընդունվել ռազմավարական որևէ փաստաթուղթ։
Ընդունվել են կառավարության ընթացիկ ծրագրեր, առանձին փոքր նշանակության փաստաթղթեր։ Բայց համակարգային նշանակություն ունեցող որևէ փաստաթուղթ չի ընդունվել։ Կրթության ոլորտում ընդունված, թերևս, ամենամասնակցային փաստաթուղթը շարունակում է մնալ 2004 թվականին ընդունված հանրակրթության պետական կրթակարգը։ Դա այն փաստաթուղթն էր, որի վրա աշխատեց աշխատանքային մեծ խումբ, խմբի աշխատանքներին հրավիրվում էին ոլորտային մասնագետներ, լինում էին լուրջ բանավեճեր։
Իսկ վերջում փաստաթուղթն անցավ հանրային քննարկումների տևական գործընթաց։ 19 տարի առաջ Հայաստանի ԿԳ նախարարությունը որոշեց ունենալ Կրթության զարգացման պետական ծրագիր։ 19 տարիներից 9-ի ընթացքում Հայաստանը չի ունեցել այդ ծրագիրը, ինչն օրենքի խախտում է։ Առաջին ծրագիրը գործել է 2001-2005 թվականներին։ Այնուհետև 6 տարի նախարարությունը չէր կարողանում ծրագիրը հասցնել հաստատման փուլ։ 2011-2015 թվականներին գործեց 2-րդ ծրագիրը։ 2015 թվականից առ այսօր ընդունված չէ 3-րդ ծրագիրը։
Հայաստանի նման երկրին օդի նման անհրաժեշտ են ռազմավարական փաստաթղթերը, որոնք մշակված են բարձր մասնակցայնության և ներառականության սկզբունքների հիման վրա։ Ի տարբերություն զարգացած երկրների, որոնք հիմնականում կողմնորոշվել են իրենց կրթական տեսլականի հարցում, Հայաստանում անորոշություն է տիրում։ Տարիներ շարունակ իրականացվել են բարեփոխումներ, որոնք կրել են հատվածական բնույթ, որոնք եղել են ոչ թե խորքային քննարկումների, լուրջ նախապատրաստական աշխատանքների, այլ նախարարների ցանկությունների կամ որևէ երկրի փորձ կրկնօրինակելու արդյունքներ։
Որպեսզի Հայաստանում կրթությունը զարգանա, մեզ պետք է ապագայամետ մտածողություն։ Կրթությունը մեծապես կապված է ապագայի հետ։ Հետևաբար՝ այն երկրները, որոնք ավելի շատ են մտածում ապագայի մասին, ավելի լավ են մոդելավորում ապագան ու ավելի լավ են պատրաստվում ապագային, որպես կանոն, ունենում են լավ կրթական համակարգ։
Մեր օրերում ապագայի մասին մտածելը հեշտ գործ չէ։ Խնդիրն այն է, որ սոցիալական ցանցերը, տեղեկատվական հոսքերը մարդու մոտ կախվածություն են առաջացնում տվյալ պահից, առօրյայից, ինչի արդյունքում մարդիկ անտեսում են ապագայի գործոնը։ Առաջանում է մի երևույթ, որը մասնագետները կոչում են «հյուծվածություն ներկայից»։ Մեր կյանքն ավելի շատ վերածվում է առօրյա զարգացումներին արձագանքելու, քան ապագային նախապատրաստվելու ընթացքի։ Կան ոլորտներ, որոնք այս ռեակտիվ կյանքից շահում են։ Օրինակ՝ սպառողականության վրա հիմնված առևտրի ոլորտը։ Բայց կրթությունը հաստատ տուժում է, քանի որ երկարատև ու ապագային միտված գործընթաց է։
Այս ամենը հաշվի առնելով՝ աշխարհի շատ երկրներում ստեղծվում են կառույցներ, որոնք փորձում են «պաշտպանել հասարակության ապագան»։ Օրինակ՝ հայտնի է, որ Ֆինլանդիայի կրթության ոլորտի հաջողություններում շատ մեծ դեր է խաղացել խորհրդարանում՝ Ապագայի հարցերով զբաղվող մշտական մարմնի ստեղծումը։ Նմանատիպ հանձնաժողով ստեղծել են նաև շվեդները։
Հետաքրքիր է նաև Հունգարիայի և Ուելսի օրինակը։ Այս երկրներում կա ապագա սերունդների օմբուդսմեն։ Այս պաշտոնյան ուսումնասիրում է երկրում ընդունվող բոլոր փաստաթղթերը։ Եթե դրանցում հայտնաբերվում է մի բան, որը վտանգ է ապագա սերունդների համար, մերժվում է։ Այսինքն՝ այս երկրներում փորձ է արվում պաշտպանել երկրի ապագան ներկայի էմոցիոնալ, այսրոպեական որոշումներից։
Հայաստանում, ցավոք, մտածում ենք միայն ընթացիկ հարցերի մասին։ Օրինակ՝ դիտարկենք վերջերս ներկայացված Ուսուցչի վարքականոնի նախագիծը։ 2017 թվականի ամռանը ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարեց, որ նախարարությունը պատրաստում է «Ուսուցիչ» ծրագիրը, որը բարելավելու է ուսուցիչների նկատմամբ տարվող քաղաքականությունը։ Ստեղծվելու են ուսուցիչների պաշտպանության երաշխիքներ, խրախուսման մեխանիզմներ։
Դա լավ գաղափար էր, քանի որ, եթե չես կարողանում ուսուցիչներին նորմալ աշխատավարձ տալ, ապա պարտավոր ես ստեղծել աջակցության իրավական, սոցիալական, բարոյական, նյութական մեխանիզմներ՝ որպես վերաբերմունքի դրսևորում։ Սա կարող էր հետաքրքիր ռազմավարական փաստաթուղթ լինել՝ ներառելով ուսուցչին առնչվող բոլոր խնդիրները։
Սպասվում էր, որ փաստաթուղթը կհրապարակվի 2018 թվականի մայիսին։ Հասկանալի պատճառով փաստաթղթի հրապարակումը մայիսին չեղավ։ Դրա փոխարեն՝ նախարարությունն օրերս ներկայացրեց Ուսուցչի վարքականոնը, որը մշակվել և տպագրվել էր դեռևս 2014 թվականին՝ «Դպրոց կենտրոնների միության» կողմից։
Հասկանալի չէ, ինչո՞ւ նախարարությունը չցանկացավ ներկայացնել ավելի համապարփակ «Ուսուցիչ» ծրագիրը, որի մաս, ի դեպ, կարող էր լինել վարքականոնը։ Այդ դեպքում ուսուցիչներն ավելի դրական վերաբերմունք կցուցաբերեին վարքականոնին, քանի որ փաստաթուղթը չէր լինի միայն պահանջների լեզվով գրված։
Հետհեղափոխական երկրում շատ կարևոր է ապագայամետ գաղափարական քննարկումների միջավայրի ստեղծումը։ Եթե գաղափարների, ռազմավարությունների առումով դատարկություն եղավ, ապա մենք մանր-մունր ծրագրերով փոփոխությունների պատրանք ստեղծելով ենք զբաղվելու։ Գաղափարները կարող են մեզ միավորել։ Եթե դրանք չլինեն, անձերի վրա ենք կենտրոնանալու, խաշի ու ծննդյան տարեդարձերի թեմաներն ենք քննարկելու։
Պարտավոր ենք պաշտպանել մեր երեխաների ապագան։