Ֆիբրոմիալգիա. 10 նշան, որոնք հարկավոր չէ անուշադրության մատնել

Ֆիբրոմիալգիան արտահայտվում է մկանների և հոդերի զգայունությամբ, ցավով: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ հիվանդությունն ուղեկցվում է հոգնածությամբ, նյութափոխանակության խանգարումներով, մշտական գլխացավերով, վերջույթներում ծակոցների զգացմամբ:

Մասնագետներն առանձնացնում են մի քանի գործոններ, որոնք կարող են մեծացնել հիվանդության զարգացման հավանականությունը՝ գենետիկ նախատրամադրվածություն, նստակյաց կենսակերպ, որոշ հիվանդություններ: Ու թեև հիվանդների շրջանում այն տարբեր կերպ է արտահայտվում, կարելի է առանձնացնել որոշ նշաններ: Խնդիրն այն է, որ ֆիբրոմիալգիան հաճախ շփոթում են այլ հիվանդությունների հետ, իսկ ժամանակին չախտորոշելու և բուժում չստանալու դեպքում կարող են բարդություններ զարգանալ:

Մկանային ցավեր: Այս զգացումը հատկապես սրվում է արթնանալուց հետո: Դա նման է զգացողությանը, որն ունենում են արթրիտով տառապող մարդիկ, քանի որ այն լրջորեն ազդում է շարժումների վրա:

Կարդացեք նաև

Ուշադրության կենտրոնացման խնդիրներ: Ֆիբրոմիալգիայի դեպքում կարող են նկատվել կենտրոնանալու դժվարություններ և խնդիրներ հիշողության հետ: Հիվանդը պարզապես չի կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա:

Հոգնածության զգացում: Քրոնիկական հոգնածություն՝ ևս մեկ խնդիր, որին բախվում են ֆիբրոմիալգիայով տառապող մարդիկ: Հիվանդները գանգատվում են մարմնի ծանրությունից, որը, գումարվելով սթրեսի հետ, հաճախ խանգարում է կատարել առօրյա աշխատանքը: Արդյունքում՝ նույնիսկ փոքր աշխատանք կատարելուց կամ հանգստից հետո մարդը հոգնածություն է զգում:

Ցավ ամբողջ մարմնում: Ցավի ինտենսիվությունն ու ուժգնությունը կարող են տարբերվել և զգացվել ամբողջ մարմնում: Հիվանդությունը բացասաբար է անդրադառնում մկանների, աճառների առողջության վրա, իսկ դրա զարգացման դեպքում ցավն ավելի ինտենսիվ է դառնում, և նույնիսկ ցավազրկողներն ազդեցություն չեն ունենում:

Վատ քուն: Վերը նշված ֆիզիկական և հոգեբանական խնդիրներն ազդում են քնի որակի վրա: Բացի այդ՝ ցավերը կարող են ուժեղանալ գիշերային ժամերին, ինչը կարող է քնի ընդհատման պաճառ դառնալ:

Թմրածություն և ծակոցներ: Ֆիբրոմիալգիայի դեպքում կարող են նկատվել վերջույթների թմրածություն, ինչպես նաև ծակոցներ: Այս զգացողություններն առավել սրվում են գիշերային ժամերին, ինչպես նաև՝ երկար ժամանակ նույն դիրքում մնալիս:

Նյութափոխանակության խնդիրներ: Բորբոքային գործընթացները, որոնք առաջանում են ֆիբրոմիալգիայի հետևանքով, հաճախ ուղեցկվում են նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրներով: Ախտանշանները նման են գրգռված աղու համախտանիշի նշաններին: Հիվանդների մեծ մասը բողոքում է որովայնում ցավից, մեծ քանակով գազերի կուտակումից, ռեֆլյուքսից:

Ալերգիա: Ֆիբրոմիալիգիայով տառապող մարդիկ հաճախ բախվում են նաև ալերգիկ ռեակցիաների: Նրանք գերզգայուն են դառնում, կարող են լուրջ անհարմարություն զգալ աղմուկի և աղտոտվածության պատճառով: Մարմինը բացասաբար է արձագանքում վառ լույսին, բարձր ձայներին, քիմիական նյութերի հոտին:

Զգայունություն ջերմաստիճանի հանդեպ: Օրգանիզմում մշտական փոփոխությունների հետևանքով, որոնք կապված են բորբոքային պրոցեսների հետ, նկատվում են մարմնի ջերմաստիճանի կարգավորման խնդիրներ: Ջերմաստիճանի կտրուկ անկումները բացասաբար են անդրադառնում նրանց ինքնազգացողության վրա:

Դեպրեսիա: Ֆիբրոմիալգիայով տառապող մարդիկ հաճախ են բախվում հոգեբանական խնդիրների, որոնք մյուս ախտանշանների զարգացման հետևանքով սրվում են: Հիվանդությունը բավական լուրջ ազդեցություն է ունենում կյանքի որակի վրա, բազմաթիվ սահմափակումների պատճառով առաջանում են տրամադրության անկումներ, տխրության, ճնշվածության զգացում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս