
ՖԻՄԱ-ի գլխավոր մարզիչն իր թիմին մրցունակ է համարում անկախ պարտություններից

Երևանի ՖԻՄԱ բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանն իր թիմին մրցունակ է համարում, սակայն ունի միայն տեղացի ոչ բարձրահասակ բասկետբոլիստներ:
«Մեզ համար «Ուրարտու»-ին հաղթելը մարտաֆիլմերի ժանրից է: Մենք գիտակցում ենք, որ առավելագույնը խաղում ենք 6 բասկետբոլիստով, իսկ նրանցից 3-ն այնքան ցածրահասակ են, որ դա ազդեցություն է թողնում խաղի վրա: ՖԻՄԱ-ն նման կազմով կարող է խաղալ միայն 12-15 րոպե, ոչ ավելի: Մենք մեր տակտիկան չենք կարողանում իրականության վերածել բարձրահասակ բասկետբոլիստների բացակայության պատճառով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց թիմի գլխավոր մարզիչը:
Հարությունյանի խոսքով` խաղասկզբին «Ուրարտու»-ն պաշտպանվում էր, այդ ժամանակ ՖԻՄԱ-ին հաջողվում էր դիպուկ նետումներ կատարել, իսկ երբ փոխվեց հակառակորդի խաղաոճը, շեշտը դրվեց անհատական խաղի վրա, այդ ժամանակ ՖԻՄԱ-ն զիջեց դիրքերը: «Եթե մենք ուզում ենք բասկետբոլ հայաստանյան բասկետբոլիստներով, ապա ՖԻՄԱ-ն իդեալական է այդ հարցում»,-եզրափակեց Հարությունյանը: