Բաժիններ՝

«Մատաղիսի և Մհեր Ենոքյանի գործերի միջև համեմատության եզր չկա». Զարուհի Փոստանջյան

23 տարի առաջ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Իոսիֆ Աղաջանյանի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ինքնախոստովանական ցուցմունքի վերաբերյալ օրերս համացանցում տեսանյութ հրապարակվեց։ Դաժան տեսարաններով տեսանյութում Մ. Ենոքյանը խոստովանում է, որ ինքն է սպանել համակուրսեցուն։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մ. Ենոքյանի կինը՝  փաստաբան Զարուհի Մեջլումյանը, հայտարարեց, որ այդ տեսանյութը չի կարող ապացույց լինել, որ Ի. Աղաջանովի սպանությունն իրականացրել է Մհեր Ենոքյանը, բացի այդ, տեսանյութը կցված չէ Մ. Ենոքյանի քրեական գործին։

Այս առնչությամբ Զ. Մեջլումյանը նաև հիշատակեց Մատաղիսի գործով Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքի վերաբերյալ տեսանյութը, որտեղ նա հանգիստ պատմում է, թե ինչպես համածառայակից երկու մարդու սպանեցին: «Հիմա որտե՞ղ են այդ տղանները, արդեն արդարացված են։ Բայց համացանցում տեսանյութը դեռ մնացել է»,- ասել էր Մ. Ենոքյանի կինը։

168.am-ի հետ զրույցում Մատաղիսի գործով փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադառնալով Զ. Մեջլումյանի հայտարարությանը, նկատեց՝ Մատաղիսի և Մհեր Ենոքյանի գործերը համեմատության որևէ եզր չունեն։

«Ես շատ եմ հարգում Զարուհի Մեջլումյանին, սակայն նման զուգահեռ անցկացնելը սխալ է։ Դրանք  բացարձակ տարբեր գործեր են՝ Մատաղիսի գործով կա  արդարացման դատավճիռ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշում։ Մհեր Ենոքյանի գործին տեղյակ չեմ, բայց երկու գործերն իրար հետ համեմատելն ուղղակի անթույլատրելի է։ Մ. Ենոքյանի գործով մենք չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել, դրա վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ»,- ասաց Զ. Փոստանջյանը։

Ըստ նրա, Մատաղիսի գործով իր պաշտպանյալները եղել են արդար, և բացահայտված չէ, թե ովքեր են սպանությունը կատարել։

«Իմ պաշտպանյալներն ընդհանրապես առնչություն չեն ունեցել սպանության հետ։ Ենթադրյալ մեղավորի՝ Իվան Գրիգորյանի գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա։

Մատաղիսի գործով սկզբում եղել են այլ մեղադրյալներ, որոնք ցուցմունք են տվել, թե ով է կատարել սպանությունը, այնուհետև մեղադրյալների վրայից հանում են մեղադրանքը և մի քանի ամիս հետո բերում են իմ պաշտպանյալներին, նրանց ծեծում  և այդ սպանությունը կապում նրանց հետ։ Ակնհայտ երևում է, որ իմ պաշտպանյալների դեմքն ուռած է, կան ծեծի հետքեր»,- նշեց Զ. Փոստանջյանը։

Հիշեցնենք, որ ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը 1996 թվականին  դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցուն սպանելու մեղադրանքով։ Սակայն 2003 թվականին մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։

Մհեր Ենոքյանն արդեն 23 տարի բանտում է, որտեղից երկու անգամ կատարել է փախուստ՝ 2004 և 2009 թվականներին։ Առաջին անգամ նա փախել էր Գորիսի բանտից, իսկ երկրորդ անգամ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Երկու դեպքում էլ նա հայտնաբերվել էր և վերադարձել քրեակատարողական հիմնարկ։

Հիշեցնենք նաև, որ Մատաղիսի հայտնի դեպքը տեղի է ունեցել 2003 թվականին Պաշտպանության բանակի N զորամասերից մեկում, երբ նույն զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանը և Հովսեփ Մկրտումյանը քաղցրավենքի գնելու նպատակով դուրս են գալիս զորամասից և չեն վերադառնում։

15 օր անց երկու զինծառայողների դիակները գտնում են Մատաղիսի ջրանցքում։ 2005թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր է ճանաչում նույն զորամասի զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին և դատապարտում 15 տարի ազատազրկման։

Սակայն դատախազությունը և սպանված զինծառայողների ծնողները բողոքարկում են դատավճիռը` խնդրելով ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006թ. մայիսի 30-ի Ռ.Սարգսյանին, Մ.Սերոբյանին և Ա.Զալյանին դատապարտում է ցմահ ազատազրկման։ Որից հետո Վերաքննիչ դատարանում սպանված զինծառայողներից մեկի հայրը՝ Մ.Մկրտումյանը հրաժարվում է բողոքից` նշելով, որ ամբաստանյալներն անմեղ են, նրանք չեն իր որդու սպանողները, և հրաժարվում իր ներկայացրած քաղաքացիական հայցից։

Ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանը հայտարարում է հացադուլ։ Ամբաստանյալներն իրենց հերթին են բողոքարկում դատավճիռը, նշելով, որ իրենք որևէ հանցանք չեն կատարել, ուստի խնդրում են վերանայել գործը։

2006թ. դեկտեմբերի 22-ին, սպանությունից մոտ երեք տարի հետո, ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարում է տուժողի իրավահաջորդի՝ սպանված զինծառայողի հայր Մ.Մկրտումյանի ներկայացուցչի բողոքը և բեկանում Ռ.Սարգսյանի, Մ.Սերոբյանի, Ա.Զալյանի վերաբերյալ դատավճիռները և քրեական գործն ուղարկում նոր նախաքննության։

2012 թվականին երկար դատավարական քննությունից հետո, բերված ապացույցների արդյունքում դատարանն արդարացման վճիռ էր կայացրել զմահ դատապարտված Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանի նկատմամբ։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս