«Իմ քայլը» ամեն ինչ խառնել է իրար
«Իմ քայլը» դաշինքի նորընտիր պատգամավորները հունվարի 10-ին՝ մանդատները ստանալու օրը, հավաքվել էին Ազգային ժողովի նիստերի դահլիճում և փակ քննարկում էին անցկացրել, որին մասնակցել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը 168.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ «Իմ քայլը» խմբակցություն իրավաբանորեն գոյություն չունի, կլինի միայն հունվարի 14-ին, երբ կկայանա ԱԺ 7-րդ գումարման առաջին նիստը, հետևաբար՝ չէր կարող, որպես այդպիսին, խմբակցության նիստ գումարել։ Առավել ևս այս պարագայում անհասկանալի է, թե ինչու է նրանց թույլատրվել հավաքվել ԱԺ լիագումար նիստերի դահլիճում ու կուսակցական հարցեր քննարկել, որը տևել է մի քանի ժամ և նույնիսկ ընդմիջվել է:
«Նորընտիր պատգամավորներն իրենք խնդրել են աշխատակազմին՝ դահլիճում ունենալ հանդիպում՝ որոշակի տեխնիկական հարցերի հետ կապված, մասնավորապես՝ ծանոթանալ դահլիճին, քվեարկության մեխանիզմին և այլն։ Խնդրանքը բավարարվել է, ինչպես միշտ բոլոր տարիներին է եղել, և այդտեղ եղել է աշխատանքային հանդիպում՝ աշխատակազմի ներկայացուցիչների և նորընտիր պատգամավորների միջև, աշխատակազմի համապատասխան պաշտոնյաները ներկայացրել են տեխնիկական համակարգերը, քվեարկության համակարգը, միկրոֆոնների աշխատանքը, էլեկտրոնային համակարգը, և այլն։ Եթե մասնակիցներն իրար հետ ինչ-որ բան են խոսում, ոչ ոք չի կարող արգելել, բայց դա նիստ անվանել չի կարելի, դա այլ է»,- ասել է Ա.Բաբայանը։
Ըստ նրա՝ նոր պատգամավորների ծանոթացումը դահլիճին ոչ միայն նորմալ է, այլև պարտադիր և կարևոր է։ Ընդ որում, ինչպես նշել է Ա.Բաբայանը, նախկինում էլ դա արվում էր, բայց այսպիսի աղմուկ չէր առաջանում, որովհետև նոր պատգամավորներ 5, 10 կամ 15 հոգի էին լինում, բայց քանի որ հիմա շատ են, պատգամավորների կազմը 80% փոխվել է, դրա համար այդպիսի տպավորություն է ստեղծվել։
Իսկ թե ինչու է այդ «ծանթացմանը» մասնակցել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ հարցին, Ա.Բաբայանը միայն պատասխանել է, որ ՀՀ վարչապետն ու նախագահը բոլոր պետական հիմնարկներում մուտքի իրավունք ունեն։
Հիշեցնենք, որ «Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ խմբակցությունը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է գումարել, և քննարկել են խմբակցությանը վերաբերող հարցեր։ «Կարելի է ասել, որ զուտ խմբակցության նիստ է, և խմբակցության նիստում քննարկվել է գալիք աշխատանքների տրամաբանությունը և գործելաոճը»,- ասել էր նա։
Հավելենք, որ ԱԺ դահլիճը նախատեսված է բացառապես Ազգային ժողովի նիստերի և ԱԺ լսումների համար։ Սա, ինչպես պարզաբանել է Ա.Բաբայանը, կարգավորվում է ԱԺ ներքին կանոնակարգերով։
Լուսանկարները՝ «Հայկական ժամանակի»