«Շաթդաունի» պատճառով ԱՄՆ-ի տնտեսության առաջիկա կորուստները շաբաթական 1,2 մլրդ դոլար են գնահատել
Միացյալ Նահանգների տնտեսության կորուստներն ԱՄՆ-ի ֆեդերալ հիմնարկությունների մի մասի աշխատանքի դադարեցման հետեւանքով կարող են կազմել շաբաթական շուրջ 1,2 միլիարդ դոլար, եթե «շաթդաունը» ձգձգվի: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ-ի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Քեւին Հասեթը։
Չնայած այն բանին, որ այդ կորուստները երկրի տնտեսության աճը կթուլացնեն սոսկ 0,05 տոկոսային կետով, դրանք կարող են դժվարացնել ԱՄՆ-ի կառավարության կողմից 3 տոկոսի մակարդակում համախառն ներքին արդյունքի կայուն աճի ապահովման նպատակի ձեռքբերումը, գրում է Politico-ն:
«Ես չեմ սպասում, որ «շաթդաունի» տնտեսական հետեւանքները լուրջ լինեն, եթե, իհարկե, այն հարաբերականորեն արագ ավարտվի»,- հայտարարել է Հասեթը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: