Գրիպով և սուր շնչառական վարակներով որոշ հիվանդներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում. ԱՆ-ն զգոնության կոչ է անում
ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր շտապ ճեպազրույց էր հրավիրել՝ ներկայացնելու Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների վերաբերյալ ընդհանուր իրավիճակը։
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի խոսքով՝ համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից նախկինում արդեն ասվել էր, որ շրջանառվելու են սեզոնային և H1N1 վիրուսները:
Նրա տեղեկացմամբ, հետազոտել են մոտավորապես 549 նմուշ, որից 51-ը, այսինքն՝ 9 տոկոսը, H1N1 վիրուս է եղել, 24 տոկոսը՝ այլ շնչառական վարակներ, իսկ 182-ի մոտ ընդհանրապես բացասական է եղել արդյունքը, ինչը խոսում է այն մասին, որ վիրուսներից ամենաշատը H1N1-ն է։
«Մենք գրեթե ամեն տարի իրականացնում ենք ռիսկային խմբերի մոնիտորինգ։ Օրինակ, պոլիկլինիկաներ է դիմել 1252 անձ, եթե համեմատում ենք նախորդ տարվա նույն օրվա հետ, ապա ունեինք 967 դիմած անձ։ Եթե այսօր ստացիոնարներում ունենք 693 հիվանդ, ապա նախորդ տարի 658-ն էին։ Կտրուկ տարբերություններ չկան, թեթևակի աշխուժացում է»,- ասաց Ա. Վանյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տարի ամեն ինչ հանգիստ է ընթացել, չի եղել որևէ խնդրահարույց դեպք՝ 2016 թվականի հետ համեմատած, երբ կային բարդացած դեպքեր։ Չնայած այս ամենին, այս տարվա դեպքերն ԱՆ-ում ընդունում են՝ որպես ահազանգ, քանի որ աճման միտումներ կան։
Թե ինչո՞ւ այս իրավիճակում չեն փակում հանրակրթական դպրոցներն ու մանկապարտեզները, Արտավազդ Վանյանը նկատեց, որ տոն օրերին, երբ փակ էին, ինչո՞ւ եղավ վիրուսիների աճի միտում, որովհետև մարդկանց շփումները մեծ էին, չնայած նրան, որ Առողջապահության նախարարությունն ազգաբնակչությանը հորդորել էր հնարավորինս զերծ մնալ վարակված մարդկանց հետ շփումից։
«Երեկվա դրությամբ հանրապետությունում 432 երեխայի թույլ չի տրվել, որպեսզի հաճախեն դպրոց, այսինքն՝ անգամ թեթևակի նախանշաններ ունենալու դեպքում նրանց թույլ չեն տալիս գնալ դպրոց։ Մենք ունենք խոցելի խմբեր՝ 0-5 տարեկան երեխաները, քրոնիկ հիվանդները, որոնց հորդորում ենք գալ և պատվաստվել, սակայն նրանք մեր կոչերին չեն հետևում»,- շեշտեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենը։
Ըստ նրա, դիտարկում են իրականացնում, և հիմնականում հոսպիտալացումը կատարվում է երեխաների շրջանում։ Երեխան հենց հիվանդացավ, նրան տանում են հիվանդանոց, ինչը չի կարելի ասել մեծահասկաների համար, վարակվելու դեպքում նրանք հիվանդանոց են գնում միայն 3-4 օր հետո։
«Երբ շրջում էինք հիվանդանոցներում, հիվանդներին խնամողները դիմնակներ չեն կրում և, չգիտես ինչու, մտածում են, որ իրենք գրիպով չեն վարակվելու։ Գրիպով վարակվածները չեն ցանկանումը տանը մնալ և գնում են աշխատանքի և այդպես վարակում բոլորին։ Հորդորում եմ մեր հարգելի գործատուներին, որ թույլ չտան, որպեսզի աշխատակիցները նույնիսկ թեթև հարբուխով այցելեն աշխատանքի, սա խիստ վտանգավոր է։ Եթե թեթևակի նախանշանների դեպքում դիմեն բժշկի, բուժումը շատ արագ կիրականացվի, և չպետք է ինքնաբուժմամբ զբաղվել։
Թեթևակի հարբուխը մեզ պետք է զգոն պահի, և մենք դիմենք բժշկի։ Հատկապես հղիները շատ զգոն պետք է լինեն»,- ընդգծեց Արտավազդ Վանյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ H1N1 վիրուսի հետևանքով գրանցվել է մահվան մեկ դեպք և կան որոշ ծանր դեպքեր, ավելին՝ վերակենդանացման բաժանմունքում կան վարակված հիվանդներ։
Զվարթ Խաչատրյան