Բաժիններ՝

Վազգեն Ասատրյանը չի հավատում ՄՀՀ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի բաց լինելուն

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի թափուր տեղի համար փետրվարի 1-ին տեղի կունենա մրցույթ, հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 25-ն է։

Այս պահին հայտնի է մրցույթի մասնակցող միայն երկու թեկնածուի անուն՝ երաժիշտ Եղիշե Պետրոսյանի և Սամվել Մելիքսեթյանի։ Վերջինիս մասին տեղեկատվություն է շրջանառվում, որ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հովանավորյալն է և իշխանափոխության հենց առաջին օրերին նրա հետ է եղել. «Հեղափոխությունն այս մարդու համար էլ շանս է եղել, քայլել է Արարատ Միրզոյանի հետ ու հայտնվել այս պոստին, իսկ կարիերան «Անի» հյուրանոցի վաստակավոր վարորդ լինելն է, տուրօպերատորի ավտոբուսով Հայաստան եկածներին ման է տվել այս ու այն կողմ»:

Հիշեցնենք, որ դեռևս ամռանը, երբ լրացել է Մարզահամերգային համալիրի տնօրեն, ջազմեն Վազգեն Ասատրյանի պաշտոնավարման ժամկետը և նա պետք է թողներ պաշտոնը, լուրեր շրջանառվեցին, որ այդ պաշտոնում Արարատ Միրզոյանը ցանկանում է տեսնել իր մտերիմ ընկերոջը՝ խոսքը  Ս. Մելիքսեթյանի մասին էր։

168.am-ի հետ զրույցում Մարզահամերգային համալիրի նախկին տնօրեն Վազգեն Ասատրյանը նշեց, որ հայտարարված մրցույթին չի մասնակցելու, քանի որ այն չի լինելու բաց մրցույթ։

«Ասե՞լ են, որ բաց մրցույթ են անելու՝ ոչ, հանձնաժողովի անդամների անունները հայտնե՞լ են՝ ոչ, ո՞վ է որոշում, թե հանձնաժողովում ով պետք է լինի, ի՞նչ չափորոշիչներով են այդ մարդիկ դառնում հանձնաժողովի անդամ, նրանց մեջ երաժիշտներ, ճարտարապետներ, սպորտսմեններ կա՞ն,  որևէ մեկը չգիտի։ Համալիրը շատ բարդ կառույց է, որի տնօրենն այն լավ պետք է ճանաչի, ամեն մեկը չի կարող  ղեկավարել։ Երեք տարիների ընթացքում ես կարողացել եմ շենքը ոտքի կանգնեցնել։ Ով էլ որ ղեկավարի համալիրը, պետք է այն սիրի իր տան նման ու չունենա շաբաթ-կիրակի՝ աշխատի ու միայն աշխատի»,- ասաց Վազգեն Ասատրյանը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ պաշտոնը թողնելուց հետո պատրաստվում է արտագաղթել և հաստավել ԱՄՆ-ում, Վազգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ այդ խոսակցությունները որևէ առնչություն չունեն իրականության հետ։

«Ես հիվանդ մայր ունեմ, այս պահին նրան եմ խնամում և չեմ պատրաստվում թողնել Հայաստանը։ Երբ ամեն ինչ լավ լինի ես կշարունակեմ զբաղվել երաժշտական գործունեությամբ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Սամվել Մելիքսեթյանի թեկնածությանը, ապա Վազեն Ասատրյանը նշեց, որ նրան չի ճանաչում և չգիտի, թե նրան ով է հովանավորում՝ Արարատ Միրզոյա՞նը, թե՞ մեկ այլ անձ։

Հարցին, եթե իշխանությունների կողմից առաջարկ լինի կրկին վերադառնալ պաշտոնին, ինչպե՞ս կվարկվի, Վազգեն Ասատրյանը պատասխանեց, որ եթե իշխանությունները նման մտադրություն ունենային, ապա չէին անի այն քայլերը, որոնք արեցին։

«Դժվար թե իշխանությունները նման առաջարկ անեն։ Նախորդ տարի իմ պաշտոնավարման պայմանագրի ժամկետը լրացել էր, ասացին, որ պետք է դուրս գամ, բայց քանի որ առջևում Ֆրանկոֆոնիայի օրերն էին՝ հետ կանչեցին, պահեցին, օգտագործեցին։ Ֆրանկոֆոնիայի օրերն ավարտվեցին դեկտեմբերի 1-ին հանեցին ու պայմանագիրը չերկարացրեցին»,- եզրափակեց Վազգեն Ասատրյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս