Մետաքսի ճանապարհի հայկական ուրվագծումները
Մետաքսի ճանապարհը պատմական հին ժամանակներից ոչ միայն առեւտրատնտեսական, այլ նաեւ քաղաքական առումով ռազմավարական հատուկ նշանակություն է ունեցել առնչակից երկրների համար:
Այդ ճանապարհի գործարկման, վերահսկողության համար ազդեցության գոտիների բանեցման բախումներ, ընդհարումներ, հանրային շահերի ձեւավորումներ եւ անշուշտ պետական քաղաքականությունների հատման, խաչաձեւման կամ համադրման կետեր են ստեղծվել տարբեր հանգրվանների:
Համաշխարհայնացումը աշխարհագրական տարածությունների կամ սահմանակից մերձավորությունների ազդեցությունը որոշ առումով չեզոքացրել է: Սահմաններն ու աշխարհագրական հեռավորությունները նախկին անփոխարինելիությունն ու անշրջանցելիությունը չեն ներկայացնում, վիրտուալ շուկաների գերաշխուժացման իրականության դիմաց:
Այնուամենայնիվ, ցամաքային կապը հատկապես զինվորական, առեւտրատնտեսական եւ ապրանքաշրջանառության համար շարունակում է պահել իր գործունակությունը։
Երկրագնդի երկբեւառացումից դեպի միաբեւեռ դրության անցումը, ապա, գեթ տպավորության սահմաններում բազմաբեւեռային համակարգի ուրվագծվող գործընթացը եւ վերջապես տնտեսական նոր հսկայի կայացումը արդեն տեսանելի է դարձնում այսօրվա համակարգի Հեռավոր Արեւելքի կամ Չինաստանի բեւեռային տնտեսաքաղաքական կերպարը:
Չինաստանը միջազգային շուկա մուտք է գործում մեծ դռներից եւ նույնիսկ տնտեսական հսկաներին է պարտավորացնում ոչ անպայման հորիզոնական դիրքերից բանակցել իր հետ: Չինական այլընտրանքը ամենուրեք է:
Իրողական այս պարունակում պետք է ընկալել նաեւ պատմական մետաքսի ճանապարհի վերագործարկման համար Չինաստանի կառավարության մշակած հայեցակարգը: Ակադեմիական շրջանակներ, հասարակական կազմակերպություններ այժմեական հրատապությամբ արծարծում են խնդիրը ճանապարհային քարտեզի ձեւավորման նմուշներ ներկայացնելով քննարկումներին:
Հայկական առումով թե՛ պետական եւ թե՛ հասարակական մակարդակներում մետաքսի ճանապարհի հեռանկարը ռազմավարական հատուկ նշանակություն է ունեցել: Նախ, իհարկե, պատմական առումով, երբ պատմական հայրենիքն ու Կիլիկյան Հայաստանը աշխարհագրականորեն ներգրավվել էին այդ ռազմավարական ճանապարհին. եւ ապա բնականաբար` այժմեական իմաստով:
Հակառակորդների կողմից շրջափակված Հայաստանի Հանրապետությունը Իրանից, Ռուսաստանից անցնող այս ճանապարհին մինչեւ Հեռավոր Արեւելք երկարման ընթացքում կամրջման դեր ունի, ինչ որ թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական առումներով համազոր է մեր երկրի ապաշրջափակման եւ ապամեկուսացման:
Պատմական ճանապարհին առնչվել են 63 երկրներ` Ասիական, (միջին եւ հեռավորարեւելյան), եւրոպական, աֆրիկյան: Ցամաքամասեր եւ տարբեր երկրներ ու ժողովուրդներ փոխկապակցող այս ճանապարհային գործընթացը ըստ էության ստեղծել է նաեւ տարբեր կրոնների, մշակույթների, լեզուների, ազգագրությունների, հավատների փոխհարաբերություններ:
Իսկ պատմական Կիլիկիան այս առումով եղել է երկխոսության, եւ նշված ոլորտների միջեւ փոխհարաբերությունների աշխարհաքաղաքական կարեւորագույն կետերից մեկը:
Պատմական եւ հատկապես կրոնամշակութային եւ համամարդկային արժեքների վերարծարծման նպատակներով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ձեռնարկել է մետաքսի ճանապարհի այս թեմաներին առնչված խորհրդաժողով, որին մասնակցում են Չինաստանից,Եւրոպայից եւ Միջին Արեւելքից գիտնականներ, փորձագետներ, պատմաբաններ, տնտեսագետներ:
Մետաքսի ճանապարհի վերագործարկման աշխարհաքաղաքական ծրագիրը խիստ հեռանկարային է՝ դիտված հայկական կողմից: Իսկ այս առումով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությունը՝ այդ հեռանկարի հայկական ուրվագծումներին հիմնովին նպաստող քայլ է:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր