
Թուրքական անձնագրով հնարավոր է առանց վիզայի մեկնել 115 երկիր

Կանադական «Arton Capital» ընկերությունը կազմել է «Global Passport Power Rank» զեկույցը։ Դրանում ներկայացվել է տարբեր երկրների անձնագրերի ցանկը ըստ այն չափանիշի, թե քանի երկիր կարելի է այցելել տվյալ երկրի անձնագրով առանց վիզայի կամ սահմանին վիզա ստանալով։
Ըստ այդմ՝ թուրքական անձնագրով հնարավոր է առանց վիզայի մեկնել 115 երկիր։ Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհում 39-րդ, իսկ եվրոպական երկրների շարքում՝ 18-րդը։
Եվս 44 երկիր Թուրքիայից կարելի է մեկնել՝ անմիջապես սահմանային անցակետում վիզա ստանալով։ Թուրքիայի քաղաքացիները վիզա ստանալու անհրաժեշտություն ունեն աշխարհի 83 երկիր այցելելիս։ Թուրքիան իր հերթին առանց վիզայի մուտքի իրավունք է տրամադրում 143 երկրի քաղաքացիների։ Իսկ 53 երկրի քաղաքացիներ Թուրքիա այցելելիս հարկադրված են նախապես վիզա ստանալ։
Ներկայացված ցանկի առաջին հորիզոնականում Արաբական Միացյալ Էմիրություններն են։ Այս երկրի անձնագրով առանց վիզայի կարելի է այցելել 167 երկիր։ Երկրորդ տեղում Գերմանիան է (166), երրորդում՝ Սինգապուրը (165)։ Ցանկի վերջին տեղում Աֆղանստանն է։ Այս երկրի անձնագրով առանց վիզայի կարելի է այցելել ընդամենը 5 երկիր։