Անհրաժեշտ է հնարավոր բոլոր օղակներով ներազդել իրավիճակի կայունացմանը. Վահե Էնֆիաջյանը՝ Կարագանդայում ստեղծված իրավիճակի մասին

Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ: Այս մասին ֆեյցբուքյան իր էջում գրառում է կատարել Վահե Էնֆիաջյանը:

Գրառման մեջ ասվում է.

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած դեպքերի մանրամասները քննարկելու համար այսօր գործընկերներիս՝ Նաիրա Զոհրաբյանի և Միքայել Մելքումյանի հետ հանդիպեցինք Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Թիմուր Ուրազաևի հետ:

Ցավակցում եմ միջադեպի արդյունքում մահացածի ընտանիքի անդամներին և ընկերներին անդառնալի կորստի համար:

Միջադեպի բոլոր մասնակիցները՝ ունենալով ազգային տարբեր պատկանելիություն հանդիսացել են Ղազախստանի Հանրապետության քաղաքացիներ և խնդիրն ամբողջությամբ առաջնայինը գտնվում է Ղազախստանի իրավապահ մարմինների տիրույթում:

Շատ կարևոր է համակողմանի ու թափանցիկ քննության անցկացումը և մամուլում շրջանառվող ադրբեջանական հետքի առկայության հստակեցումը:

Պետք է բացառել ազգամիջյան և միջկրոնական բախումներ հրահրելու ցանկացած պրովոկացիա:

Ղազախստանում մենք ունենք հայկական համայնք, ինչպես նաև մեր քաղաքացիների համար Ղազախստանը հանդիսանում է արտագնա աշխատանքի մեկնելու երկրներից մեկը:

Անհրաժեշտ է հնարավոր բոլոր օղակներով ներազդել իրավիճակի կայունացմանը և ուշադրության կենտրոնում պահել հավանական զարգացման բոլոր տարբերակները:

Անհերքելի է, որ Հայաստանի և Ղազախստանի միջպետական, ինչպես նաև հայ ու ղազախ ժողովուրդների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և ոչ ոք ու ոչ մի սադրանք դա չի կարող խարխլել։

Տեսանյութեր

Լրահոս