«Գազի թեմայի հետ կապված որոշում չկա». Նիկոլ Փաշինյան
Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ քննարկումեր են տեղի ունեցել նրա և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:
«Ստացվել է այնպես, որ մեր հանդիպումները ՌԴ նախագահի հետ բավականին հաճախ են տեղի ունենում և դա խոսում է մեր հարաբերությունների առանձնահատուկ և ռազմավարական բնույթի մասին»,- նշեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ քննարկվել է երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շատ լայն շրջանակ:
Ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն երեք գլխավոր թեմաները, որոնց շուրջ ծավալվել են քննարկումներ: Դրանք են՝ Ղարաբաղյան հարցի կարգավորումը, ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը և գազի գնի հետ կապված խնդիրը:
«Այս հանդիպման ընթացքում Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ որևէ քննարկում չենք ունեցել:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ունեցել ենք կարճ քննարկում, և մեր դիրքորոշումն այն է, որ այստեղ մեզ հարկավոր են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի ՀԱՊԿ կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որոնք, այս իրավիճակը, ըստ էության, չի նախատեսում, հետագայի համար նախատեսեն կոնկրետ իրավիճակներ, որպեսզի այսպիսի բանավեճեր՝ չկանոնակարգվածության կապակցությամբ, տեղի չունենան»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ կարճ խոսակցություն է տեղի ունեցել նաև կազմակերպության դաշնակցային էության և բովանդակության վերաբերյալ:
«Գազի թեմայի հետ կապված որոշում չկա և գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով: Իհարկե, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է, և այդ զգայունությունը գիտակցում են թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունում, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում, բայց ընդհանուր առմամբ ես լավատես եմ տրամադրված նաև այս թեմայի շուրջ և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն, կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»,- եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց մեծ աղմուկ բարձրացրած «գազային» պայմանագիրը, որն ուներ 2 բաղադրիչ՝ համաձայնագիր «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքի ու գործունեության պայմանների մասին, ինչպես նաև համաձայնագիր գազի գների ձևավորման կարգի մասին: Երկրորդ համաձայնագրով ամրագրվեց Հայաստան առաքվող գազի գինը սահմանին՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Սկզբում դա 1000 խորանարդ մետրի դիմաց 190 ԱՄՆ դոլար էր, հետո դարձավ 165, իսկ հետո նվազեց՝ մինչև 150: Սակայն հաշված օրեր անց համաձայնագրի այս հատվածը կդադարի գործել, ուստի, արդեն մի քանի ամիս է, ինչ կողմերը համապատասխան գերատեսչությունների մակարդակով նոր գին են բանակցում:
Ակնհայտ է, որ այս օրակարգում նշված երեք կարևորագույն խնդիրներն էին և երկկողմանի լուրջ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Եվ ակնհայտ է, որ հանդիպումը լուրջ հաջողություններ չի արձանագրել, այլապես Փաշինյանը, ինչպես նախորդ հանդիպումների դեպքում, դրանք կներկայացներ որպես աննախադեպ ձեռքբերումներ:
Մոսկովյան այցի մասին:
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 27. Dezember 2018