«Տարին աննախադեպ էր մեր կրթության պատմության մեջ». Լարիսա Մինասյան
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ քաղաքացիական կրթության բաղադրիչը զավթված էր իշխանությունների կողմից. «Քաղաքացիական կրթության չլինելը դարձել էր քաղաքականություն։ Մենք և այլ կազմակերպություններ փորձում էինք ալտերնատիվ բաներ անել, թվում էր՝ քիչ ենք կարողանում, բայց հեղափոխությունը եկավ ցույց տալու, որ ինչ_որ բաներ կարողացել ենք»։
Լարիսա Մինասյանն ասաց, որ այժմ կրթության ապաքաղաքականացում նկատվում է, բայց մոտեցումը մակերեսային է. «Տարիների ընթացքում դա բերել է կրթական այնպիսի զավթման, որակի այնպիսի խեղաթյուրման, կոռուպցիայի, որ ամբողջ համակարգն է զավթված»։
Ըստ նրա՝ 2018 թվականն աննախադեպ էր Հայաստանի պատմության, մանավանդ՝ կրթության պատմության մեջ, քանի որ« ըստ նրա՝ այն արթնացրեց երիտասարդությանը՝ կրթության, դրա բովանդակության և արժեքի հանդեպ. «Եվ ամբողջ հասարակությանն արթնացրեց կրթության աննախադեպ մեծ պրոբլեմների հանդեպ: Դա առաջընթաց էր, որը ոչ մի ռազմավարության թղթով, ոչ մի «Բաց հասարակության» կամ քաղաքացիական այլ կազմակերպության գործունեությամբ« չէր կարելի մտածել, որ հասնելու ենք»։
Մինասյանը հատված ներկայացրեց «Մարդկային կապիտալի ինդեքս» զեկույցի՝ կրթությանը վերաբերող բաժնից, որի համաձայն՝ Հայաստանում 19-21 տարեկան երիտասարդների տասը տոկոսը գրագիտության պրոբլեմ ունի. «Այդ վիճակի հետ մենք պետք է առերեսվենք: Չեմ ուզում տագնապ բարձրացնել, բայց համակարգին պետք է տագնապի առջև կանգնեցնել»։