Օպտիմալացվող նախարարությունները և անորոշության մեջ հայտնված աշխատակիցները. Քանիսն են մնալու գործազուրկ

Արդեն հայտնի է, որ ՀՀ կառավարության որոշմամբ 17 նախարարություններից հինգը կկրճատվեն, որի արդյունքում կմնա 12 նախարարություն։ Այս օպտիմալացումը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բացատրել է նախարությունների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելով, քանի որ, նրա խոսքով՝ կան նախարարություններ, որոնք կրկնում են իրար, և նրանց աշխատանքը դառնում է անարդյունավետ։

Այս օպտիմալացման դեմ ուղղված արդեն սկսել են բողոքել Սփյուռքի և Մշակույթի նախարությունների աշխատակիցները: Այս նախարարությունների կրճատման մասին խոսակցություններ շրջանառվում էին դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ, քանի որ վարչապետի պաշտոնակատարը հաճախ էր մատնանշում կառավարության կառուցվածքի փոփոխության մասին։

Կրճատվող նախարություններից կլինեն նաև Սպորտի և երիտասարդության, Գյուղատնտեսության, ինչպես նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունները։

Նախարարությունների օպտիմալացման հետևանքով քանի՞ մարդ կմնա առանց աշխատանքի և կհամալրի գործազուրկների շարքերը. այս հարցի պատասխանը 168.am-ը փորձեց ճշտել կրճատվող նախարարություններից, քանի որ արդեն շրջանառվում է, որ օպտիմալացման արդյունքում 50-55 հազար մարդ կմնա առանց աշխատանքի։

Այս պահին դեռեևս որևէ խոսք չկա, թե պետությունն այդ մարդկանց համար ի՞նչ առաջարկ ունի, ի՞նչ է պատրաստվում անել նրանց համար։

Այդուհանդերձ, օպտիմալացման տակ գտնվող նախարարությունների աշխատակիցները գտնվում են անորոշության մեջ, չնայած շարունակում են աշխատել, սակայն ամեն վայրկյան սպասում են, որ իրենց կասեն, որպեսզի հավաքեն իրերը։

Այսպիսով՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախարարությունների թվի կրճատման որոշման նախագիծը դեռևս քննարկման փուլում է, այդ պատճառով էլ որևէ հստակ պատասխան տալ հնարավոր չէ.

«ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն աշխատում է բնականոն ռեժիմով, հաստիքների հնարավոր կրճատումների և աշխատակիցների թվի մասին հայտնի կդառնա համապատասխան իրավական ակտի ընդունումից հետո»,- նշեց Ռ.Եգանյանը։

Մշակույթի նախարարությունում նույնպես չգիտեն, թե օպտիմալացման հետևանքով քանի հոգի են դառնալու գործազուրկ։

Մեզ հետ զրույցում նախարարության աշխատակիցը, ով չցանկացավ հրապարակել անունը, նշեց, որ այս հարցի պատասխանը պետք է լիներ այն օրենքի նախագծի տակ, որն այսօր շրջանառվում է՝ նախարարությունների օպտիմալացման վերաբերյալ օրենքը:

«Չկա որևէ տեղեկատվություն ո՛չ օպտիմալացման անհրաժեշտության, ո՛չ էլ դրա ակնկալվող արդյունքի վերաբերյալ, չկա գործունեությունների ծրագիր, թե ինչ քայլ են անելու, և այդ քայլն ինչ խնդիր է լուծելու։ Այդ թվում, թե որքան մարդ է կրճատվելու, ինչքան ֆինանս է տնտեսվելու, և այդ կրճատված քաղաքացիների խնդիրն ինչպես է լուծվելու, կամ նրանց ինչպես են աջակցելու»,- նշեց նախարարության աշխատակիցը։

Ըստ նրա, այս հարցում աշխատանքը ստորադասվում է երկրի նկատմամբ ընդհանուր վերաբերմունքին. «Լուրջ կասկած ունեմ, որ հատուկ ծրագրով ոչնչացնում են ազգային արժեհամակարգի համար պատասխանատու կառույցները՝ կրթությունը, գիտությունը և մշակույթը։ Սփյուռքն էլ չհաշված։ Ինչո՞ւ, օրինակ, չի փակվում Բնապահպանության նախարարությունը, որևէ մեկի համար զարմանալի չէ՞։ Նպատակային պետական հիմքերի խարխլում է իրականացվում»,- ասաց մեր զրուցակիցը։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանն էլ նշեց, որ այդ հաշվարկները նախարարությունը չի անում, ավելին՝ նախարարությունում կրճատման մասին որևէ խոսք չկա: «Մենք շարունակում ենք աշխատել այնպես, ինչպես աշխատել ենք նախկինում, կրճատումների մասին նախարարությունում որևէ խոսք չկա»,- նշեց Աստղիկ Մարտիրոսյանը։

Ի տարբերություն մյուս նախարարությունների, Սփյուռքի նախարարությունում հստակ ամեն ինչ հաշվարկված է։ Սփյուռքի նախարարի խոսնակ Գրիգոր Գևորգյանը փոխանցեց, որ նախարարությունն ընդհանուր առմամբ ունի 88 հաստիք, որից 11-ը թափուր է, 39 աշխատակիցներ, որոնք համարվում ենք քաղծառայողներ և գնալու են ռեզերվ, երեք ամիս շարունակ պետությունից ստանալու են աշխատավարձ: «38 հոգու հետ էլ կնքված է աշխատանքային պայմանագիր, լուծարվելու է»,- նշեց Գ. Գևորգյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս