«Մայրաքաղաքում 2019թ. կբարձրանան տեղական տուրքերը՝ բացառությամբ 58,3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող կազմակերպությունների». Մարության
Երևանու ավագանու այսօրվա նիստի ընթացքում քննարկվեց Երևան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադառնալով այս նախագծին՝ առաջարկեց հունվարի 15-ին գումարել արտահերթ նիստ՝ նախագծում բացառություններ սահմանելու նպատակով, քանի որ, ըստ նրա՝ մանր և միջին բիզնեսին աջակցելու համար քաղաքականություն են մշակել: «Մանր և միջին բիզնեսի համար պետք է սահմանենք բացառություններ, այն է՝ մինչև 58, 3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բոլոր կազմակերպությունները կազատվեն այն բարձրացումներից, որոնք տեղի կունենա այս նախագծով:
Այսինքն, նրանք կշարժվեն 2018 թվականին սահմանված կետերով: Մեր ընդունած որոշումը կգործի հունվարի 1-ից, անհանգստանալու կարիք չունեն բոլոր այն կազմակերպությունները, որոնց տարեկան շրջանառությունը 58,3 մլն դրամից ցածր է»,- ավագանու նիստին հայտարարեց Հ. Մարությանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման պետ Արմեն Հարությունյանը ներկայացնելով Երևան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագիծը՝ նշեց, որ ավագանու որոշման մեջ պահպանվել է 2018 թվականի տուրքերի չափերը, բացառությամբ մի քանիսի:
«Փոփոխության են ենթարկվել ոչ հիմնական շենք-շինությունների համար նախատեսված շինթույլտվության տեղական դրույքաչափերը: Փոփոխության են ենթարկվել նաև Երևան վարչական շրջանում հեղուկ վառելիքի, սեղմված բնական և հեղուկային գազի վաճառքի թույլտվության տուրքերը:
Փոխվել են նաև առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, վիճակախաղի, շահումով խաղերի կազմակերպման օբյեկտների, խաղատների, բաղնիք-սաունաներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության տալու տեղական տուրքերը:
Փոփոխության է ենթարկվել նաև Երևանի խորհրդանիշ զինանշան անվանումը, և այդ խորհրդանիշով գրանցված ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու համար՝ նախկին 200-ի փոխարեն սահմանվել է 300 հազար դրամ»,- շեշտեց Ա. Հարությունյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Երևանում տեխնիկական և այլ տեսակի հրավառություններ անելու համար նույնպես սահմանվել է տեղական տուրքերի նոր չափ:
Զվարթ Խաչատրյան