«Եթե գինը բարձրանա, դա կհարվածի նոր իշխանության հեղինակությանը»

Դեկտեմբերի 20-ին կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը, որին այս անգամ հավատարմագրվել էին ռեկորդային թվով լրագրողներ: Ավանդույթի համաձայն՝ ՌԴ ղեկավարն անդրադարձավ երկրի կյանքին վերաբերող բոլոր հրատապ, կարևոր և նույնիսկ անկարևոր հարցերին։

Հայաստանին հետաքրքրողը, բնականաբար, Պուտինի անդրադարձն էր հայ-ռուսական հարաբերություններին, որոնք Հայաստանում կայացած հեղափոխությունից հետո նոր նրբերանգներ և բնույթ են ստացել։ Պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերականգնելու քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերություններում՝ երկրում տեղի ունեցած ընտրություններից հետո, Վ. Պուտինն ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ոչ մի բան չի փլվել, որը կարիք լինի վերականգնել: «Իսկ ի՞նչը պետք է վերականգնել: Մենք չունենք այնպիսի մի բան, որ փլվել է, որը հետո վերականգնելու անհրաժեշտություն կա: Մենք Հայաստանի հետ ունենք հարթ հարաբերություններ նա մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և, ընդհանրապես, աշխարհում, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի անդամ է: Մենք ի՞նչը պետք է վերականգնենք: Մենք պետք է զարգացնենք այն, ինչը ստեղծվել է ղեկավարների նախորդ սերունդների կողմից: Հայ ժողովուրդն Անդրկովկասում ռուս ժողովրդի մերձավոր դաշնակիցն է: Այդպես ձևավորվել է պատմականորեն, և ես հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակվի: Մենք պետք է ելնենք աշխարհում ու տարածաշրջանում ստեղծված իրողություններից, մեր հնարավոր պահանջմունքներից, և մենք դա մոտ ապագայում կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, ով հաջորդ շաբաթ այց է կատարելու»,- ասել է Պուտինը:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը, գնահատելով Պուտինի դիտարկումները հայ-ռուսական հարաբերությունների ներկայի վերաբերյալ ու կանխատեսելով գալիք՝ Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը՝ ասաց, որ ՌԴ նախագահի անդրադարձում հետաքրքիր նկատառումներ կային։ Ըստ նրա, դա այն է, որ Ռուսաստանը հայ-ռուսական հարաբերություններում խնդիր չի տեսնում, բարձր է գնահատում հայ ժողովրդի հետ պատմական հարաբերությունները: «Հատկանշական է այն, որ Պուտինը հիշում է նաև նախորդ իշխանություններին և ըստ էության հորդորում շարունակել այն, ինչի հիմքերը գցել են նախորդ սերունդները, ինչը նաև նշանակում է, որ այսօր դեռ հստակ օրակարգ չկա, ինչը գուցեև բացատրելի է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է առաջիկա հանդիպման օրակարգին, ապա, Լուկիանովի խոսքով՝ օրակարգը բավականին հագեցած կլինի՝ հաշվի առնելով վերջին շաբաթներին բարձրացված թեմաները, որոնք պտտվում են հայ-ռուսական հարաբերությունների շուրջ։ «Դա գազի գնի շուրջ քննարկումներն են, քանի որ գազի մատակարարման պայմանագրի ժամկետն է ավարտվում, և, ըստ էության, երևի թե նոր գին կսահմանվի, այս պահին չեմ կարող ասել՝ այն կլինի բա՞րձր, թե՞ ոչ:

Հայկական կողմը ռուսական ռազմաբազայում տեղի ունեցածը կքննարկի վստահաբար: Այլ թեմաներ ևս կան` լաբորատորիաների գործունեության վերաբերյալ հայ-ռուսական պայմանագիր, Ղարաբաղյան հակամարտություն, Կարասինի համարձակ հայտարարությունն ամերիկյան ճնշումների մասին: Բայց ամենաբարձր մակարդակով կքննարկվեն ընթացիկ հարցերը, գազի գինը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը ու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ապագա քայլերը, քանի որ կան ակնկալիքներ, որ բանակցային գործընթացում էական տեղաշարժեր կլինեն: Կարծում եմ` Ռուսաստանը լինելով ակտիվ համանախագահ երկիր՝ պետք է փորձի նպաստել այդ բանակցային օրակարգի հաստատմանը»,- ասաց Լուկիանովը:

Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն աաց, որ Պուտինն իր անդրադարձով հաստատեց, որ Հայաստանում իշխանության սերնդափոխություն է տեղի ունեցել, և այլևս նոր սերնդի հետ են ձևավորվելու ապագա հարաբերությունները: Նախկինների ձևավորած հիմքի վերաբերյալ նրա ակնարկը, ըստ Սկակովի՝ նուրբ է` Ռուսաստանի համար ցանկալի կլիներ, որ այդ հիմքը պահպանվեր, Ռուսաստանը հասկանում է նաև, որ ՀՀ նոր իշխանությունները չեն կարող մեծապես շեղվել դրանից, բայց ոչինչ չի բացառվում: Նրա խոսքով, կարևոր էր, որ ՌԴ նախագահի մակարդակով դրական արձագանք եղավ հայ-ռուսական հարաբերություններին, քանի որ, երբ խոսակցություններ են ակտիվանում հարաբերություններում առկա ճեղքերի մասին, բացասական ֆոն է ստեղծվում նաև հասարակությունների մակարդակում, և կարիք կա հստակեցումների:

«Այդ խնդիրներն աշխատանքային բնույթ են կրում: Կողմերը փորձում են հարմարվել միասին աշխատանքին, եթե նույնիսկ ՀՀ նոր իշխանությունների մոտեցումները, քաղաքականությունը նոր չէ, անձեր են փոխվել, ինչը ժամանակ կպահանջի հարաբերությունները բնականոն հուն տեղափոխելու համար»,- ասաց Սկակովը:

Անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգին՝ Սկակովն ասաց, թե դրական հանգամանք է ռազմավարական գործընկեր համարվող երկրների ղեկավարների հաճախակի հանդիպումները:

«Անհնար է չնկատել, որ հանդիպումները հաճախակի են, ինչը լավ է, քանի որ կան կուտակված հարցեր, որոնք հեռախոսային զրույցներով սպառելը բարդ է: Կարծում եմ` գլխավոր հարցը կլինի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որի մասին խոսակցությունները բավականին ակտիվ են, և ադրբեջանական կողմն ակտիվորեն աշխատում է բանակցային գործընթացն առաջ մղելու համար, Ռուսաստանը ևս դեմ չէ, որպեսզի կողմերը բանակցեն և որևէ լուծման հանգեն:

Ինչպես երևում է մամուլի հրապարակումներից, Հայաստանի համար գլխավոր խնդիրը գազի գինն է, ՀՀ ղեկավարը խոստացել էր, որ այն նույնիսկ կիջնի, բարձրաստիճան նախորդ հանդիպումների ժամանակ ևս այս հարցը քննարկվել էր, խոսվեց, որ ՌԴ նախագահը զարմացել է, որ սահմանին գազի գինն էապես թանկանում է: Գազային բանակցություններ է Ռուսաստանի հետ վարում նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հնարավորության դեպքում ՌԴ-ն կիջեցներ գազի գինը Հայաստանի համար, բայց տեղեկություններ չունեմ, թե ինչպես կվարվեն ՌԴ իշխանությունները:

Կարծում եմ` գազի գինը կդառնա Հայաստանի ներքաղաքական դիվիդենտների առարկա ցանկացած ելքի դեպքում: Վստահաբար ՀՀ իշխանությունների համար խիստ անցանկալի կլինի, եթե գինը բարձրանա, դա կհարվածի նոր իշխանության հեղինակությանը: Ուստի պետք է փորձեն ակտիվ աշխատել նույն գինը պահպանելու ուղղությամբ գոնե: Միևնույն ժամանակ եկեք հասկանանք նաև այն, որ գազի գինը նաև քաղաքական բաղադրիչ ունի, եթե հարաբերություններում կան խնդիրներ, դրանք կարտացոլվեն գազի գնի հարցում»,- ասաց Սկակովը:

Տեսանյութեր

Լրահոս