«Վերացնում ենք նախարարությունը՝ վերացնում ենք խնդիրը». Տիգրան Հեքեքյանը՝ Մշակույթի նախարարությունը կրճատելու մասին
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով մշակույթի ոլորտում առկա խնդիրներից և Մշակույթի նախարարությունն այլ նախարարության հետ միացնելու իշխանությունների գաղափարի մասին, նկատեց, որ մշակույթի ոլորտի քանդումը սկսվել է վաղուց, բայց սկիզբը դրվել է Խորհրդային Միության տարիներին։
Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին եղել է կուսակցություն, որը որոշել է մշակութային քաղաքականությունը, իսկ տարբեր երկրների մշակույթի նախարարություններ ընդամենն իրագործել են այդ քաղաքականությունը։
«Հետո, երբ անկախացանք, պարզապես չիմացանք, թե ինչպես պետք է վարվենք Մշակույթի նախարարության հետ, և բոլոր նախարարությունները չգիտեին, թե ինչով պետք է զբաղվեն։ Իմ կարծիքով՝ Մշակույթի նախարարությունը սկսեց ավելի շատ զբաղվել կոչումներ բաժանելով, միջոցառումներ, երբեմն էլ համերգներ կազմակերպելով։ Այսինքն՝ մի կառույց, որը որոշում է, թե ով ինչպես պետք է շարժվի՝ում հետ լավ էր, լավ էին շարժվում, ում հետ վատ էր՝ չէին շարժվում»,- ասաց Տ. Հեքեքյանը։
Ըստ նրա, մշակութային հենք ունենալը պարտադիր է, և ներկա իշխանությունները սա հասկանում են, ուստի պատահական չի համարում, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ հորդորեց կիսադատարկ դահլիճները լցնել։
Տիգրան Հեքեյանի կարծիքով՝ ամեն ինչ պետք է սկսել մանկապարտեզներից, որտեղ երեխաները պետք է ստանան մշակութային դաստիարակություն։
«Մշակութապես զարգացած հասարակությունը կրթվում է պետության կողմից։ Փոխանակ Մշակույթի նախարարությունը վերափոխենք, վերակառուցենք խորքից, որոշում ենք չեզոքացնել՝ վերացնում ենք նախարարությունը՝ վերացնում ենք խնդիրը, սա «գլխացավանք» է, պատահական չէ, որ տարբեր ժամանակներում տարբեր կուսակցություններ դժվարացել են գտնել մշակույթի նախարար։ Սա իսկապես բարդ բան է՝ գտնել կազմակերպիչ, որը կունենա մշակութային հենք»,- շեշտեց Տ. Հեքեքյանը և նկատեց՝ ժամանակին հանրակրթական դպրոցներն էին փակում, քանի որ աշակերտ չկար, և այդ տարածքներում կառուցում էին հյուրանոցներ, որի հետևանքով վաղը կանգնելու են խնդրի առաջ, քանի որ հասարակության քանակն աճում է, և այսօր երեխաների համար դպրոց կառուցելու ազատ տարածք չկա։
«Մեզ պետք է կերտել մշակութային քաղաքականություն, օրենքներ, ինչու է հեռուստատեսությունը հեռացել Մշակույթի նախարարության տեսադաշտից, հակամշակութային հաստատություն չէ այն, այլ մի ամբողջ հրեշ։ Այսօր Հայաստանում տարածված է սուտ ասելու մշակույթը, սկսել են սուտ խոսել պետական մակարդակով, եթե սա դառնա մշակույթ, ապա մենք դատապարտված ենք»,- եզրափակեց Տ. Հեքեքյանը։
Զվարթ Խաչատրյան