«ՊՆ-ն ՏՏ համայնքի հետ «ՊՆ Լինուքս» անվտանգ օպերացիոն համակարգ է ստեղծում, որն ինֆորմացիոն անվտանգության համար ամենակարևոր հիմքն է». Կարեն Վարդանյան
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) ամփոփեց տարին:
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ 2018 թվականը բեկումնային տարի է եղել իրենց համար, բոլոր ծրագրերով լուրջ առաջընթաց են գրանցել:
«Կրթության բնագավառում երկու ծրագիր ունենք՝ «Իրական դպրոցը» և «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաները: «Իրական դպրոցը», որը գործում է 2016 թվականից և իրականացնում է «Համակարգերի տեսություն» մասնագիտությամբ փորձարարական ծրագիրը, Երևանից բացի, արդեն գործում է Վանաձորում և Գյումրիում: Հույս ունեմ, որ հաջորդ տարի ևս երկու քաղաքում կգործի: Սա կրթական ծրագիր է՝ նախատեսված 15-18 տարեկան երեխաների համար: Նրանք ստանում են միջին մասնագիտական կրթություն ու նույնիսկ սովորելու ընթացքում սկսում են աշխատել: Իրենք գտնվում են ձեռնարկության ներսում, այնտեղ սովորում ու պրակտիկա են անցնում: Հաջորդը «ԱրՄաթ» ծրագիրն է: Տարին ավարտում ենք 250 և ավելի լաբորատորիաներով, իսկ աշակերտների քանակը 5300 է: Ասեմ, որ արդեն ձեռնարկություններ կան, որոնց տնօրենները 14-15 տարեկան երիտասարդներ են: Ոչ թե միայն գրանցված են, այլ նույնիսկ շահույթ են ստանում»,- նշեց Կարեն Վարդանյանը:
Նրա փոխանցմամբ՝ շատ երիտասարդներ աշխատում են ռազմաարդյունաբերական ձեռնարկություններում ու պետության համար նախագծեր են մշակում:
«Ռազմաարդյունաբերության առումով մեր առաջարկությունները կամաց-կամաց հասնում են պետությանը: Պետք է նշեմ դրական փոփոխություն, որն է՝ Ռազմաարդյունաբերության պետական կոմիտեն անջատվում է ՀՀ Պաշտպանության նախարարությունից, իսկ ձեռնարկություններն արդեն պատվերներ են կատարում: Օրինակ՝ ՊՆ-ն ՏՏ համայնքի հետ միասին «ՊՆ Լինուքս» անվտանգ օպերացիոն համակարգ է ստեղծում, որն ինֆորմացիոն անվտանգության համար ամենակարևոր հիմքն է»,- նկատեց ԱՏՁՄ գործադիր տնօրենը:
Կարեն Վարդանյանի փոխանցմամբ՝ մի քանի ամիս առաջ դիմել են վարչապետին՝ Ինովացիաների և բարձր տեխնոլոգիաների հատուկ նախարարության ստեղծման ակնկալիքով:
«Ի ուրախություն մեզ՝ մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ ստեղծվելու և կոչվելու է Կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարություն: Սա մեր ուզածն է: Հուսով եմ, որ այդ նախարարությունը կնպաստի Հայաստանում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներդրմանը»,- եզրափակեց ԱՏՁՄ գործադիր տնօրենը:
Անի Կարապետյան