Բաժիններ՝

«Հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ պայքարը ոչ մի կերպ սրան չի անդրադառնում». Բարդուղ Գաբրիելյան

«Սիգի պաշարներն այս տարի աճել են: Հոկտեմբեր ամսին գրանցվել է 30-33 % աճ: Սիգը մեր հիմնական արդյունագործական տեսակն է, բայց արդյունագործական պաշարները դեռ չեն ներում թույլատրել այդ որսը: Այսինքն, եթե անցյալ տարի արդյունագործական պաշարները գնահատվել են 540 տոննա, այս տարի մոտ 740 տոննա է գնահատվել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

Նրա փոխանցմամբ՝ հիմա սիգի համար ձվադրման շրջան է, բայց բացահայտ ու անարգել վաճառվում են ոչ միայն ձվադրող վտառի ներկայացուցիչների ձկները, այլև ձկնկիթը:

«Շատ զարմանալի է, որ արգելքի հետ կապված ոչինչ չի իրականացվում, չեն էլ տուգանում։ Բնապահպանության նախարարությունից մեզ դիմեցին՝ հարցնելով, թե ե՞րբ է բուն ձվադրումը տեղի ունենալու, մենք պատասխանեցինք, որ դեկտեմբերի 20-ից հետո։ Բայց դա չի նշանակում, որ չպետք է պահպանվեն այսօրվա պաշարները։ Եթե չենք պաշտպանում նախաձվադրային վտառը, ապա վաղը չենք ունենա ձվադրող վտառ, որովհետև նույն ձկները դեկտեմբերին, հունվարին գնալու են ձվադրելու։ Այսօրվա ձուկը, որը հազարավոր ձկնկիթներ է պարունակում, որսում ենք ու հազարավոր ձկներ ենք կորցնում։

Հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ պայքարը ոչ մի կերպ սրան չի անդրադառնում, իսկ ես կարծում եմ, որ սա կոռուպցիայի մի ձև է, չէ՞ որ Սևանի ձկնապաշարները հանդիսանում են պետական սեփականություն։ Եվ եթե չենք պահպանում պետական սեփականությունը, նշանակում է՝ չենք պայքարում կոռուպցիայի դեմ»,- նշեց Բարդուղ Գաբրիելյանը՝ հավելելով, որ Սևանի ազգաբնակչության մի մասը, որ իրեն ձկնորս է համարում, ձկնագող է, որովհետև իսկական ձկնորսը, նրա խոսքով, իրեն թույլ չի տա որսալ ձվադրող ձուկ, մանրաձուկ:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս