Ինչպե՞ս դառնալ բանակցությունների վարպետ
Մեզանից շատ քչերը կարող են համարվել ի ծնե բանակցողներ: Այդ պատճառով էլ, երբ գալիս է ժամանակը՝ ինչ-որ բան խնդրել, լինի դա աշխատավարձի բարձրացո՞ւմ, առաջխաղացո՞ւմ, իր ծառայությունների համար ավելի մեծ գի՞ն, թե՞ էլի ինչ-որ մի բան, մենք մեզ կորցնում ենք: Մենք սկսում ենք անհանգստանալ այն մասին, որ մեր բանակցությունները հաջողությամբ չեն պսակվի:
Սակայն, անկախ այն բանից, թե ինչի եք դուք ուզում հասնել, դուք կարող եք անել ամեն ինչ, ինչ ձեր ուժերի մեջ է, որպեսզի առավելագույնս մեծացնեք բանակցությունները հաջողությամբ ավարտելու քո հնարավորությունները:
Եվ այսպես`
1. Ոչինչ սրտին մոտ մի ընդունեք ու մի պայմանավորեք ձեր անձով:
Հիշեք, որ բանակցություններն իրենցից գործարք են ներկայացնում: Անկախ այն բանից՝ դուք ընկերության տե՞րն եք, աշխատակի՞ցը, թե՞ էլի ինչ-որ մեկը, ով ընդհանրապես հեռու է գործարար աշխարհից, կարևոր է, որ դուք բանակցությունների ողջ ընթացքում հասկանաք, որ մասնակցում եք գործարքի:
Հաճախ բանակցությունները փակուղի են մտնում, քանի որ բանակցությունների կողմերից մեկը կամ երկուսն էլ ինչ-որ բան իրենց սրտին մոտ են ընդունում: Եվ այսպես, նեղություն քաշեք ու փորձեք ոչ միայն պահպանել պրոֆեսիոնալիզմը, այլև հասկանալ մյուս կողմի տեսակետը: Դա ձեզ թույլ կտա թյուրիմացության առաջացման հնարավորությունները հասցնել նվազագույնի:
2. Համառ եղեք:
Բանակցությունների ժամանակ կարևոր է չվախենալ առաջարկություններ անել կամ, ընդհակառակը, մերժել դրանք: Համառ եղեք, պնդեք ձեր դիրքորոշումը ու մի ամաչեք քննարկում անել:
Կարևոր է նաև բոլոր առաջադրված պայմանների նկատմամբ ծայրահեղ վերաբերմունք դրսևորել: Եթե, ենթադրենք, ուզում եք մեքենա գնել, մի ընդունեք այն գինը, որը ձեզ պարտադրում են:
Օգտվեք արհեստավարժ գնահատողի ծառայություններից, համեմատեք առաջարկված գները մրցակիցների առաջարկած գների հետ ու պնդեք նախնական արժեքն իջեցնելու ուղղությամբ: Եվ մի ընդունեք մերժումը: Ցանկացած բանակցությունների ընթացքում դուք պետք է գործեք ուժի դիրքերից, և այդ պատճառով էլ ձեզ ավելի համառ լինելու հնարավորություն ընձեռեք:
3. Ձգտեք ավելի մեծ բաների:
Հավանաբար դուք նախկինում ևս լսել եք հետևյալ արտահայտությունը` ձեր առջև մեծ նպատակներ դրեք, ու հաստատ չեք սխալվի:
Դա իսկապես այդպես է:
Լավատեսներն իրականում լավ բանակցողներ են դառնում, քանի որ նրանք չեն վախենում իրենց առջև առավելագույն խնդիրներ դնել ու, գլխավորը, չեն կասկածում, որ կարող են հասնել դրանց: Այդ պատճառով էլ նրանք չեն վախենում առաջարկություններ անել, որոնք համապատասխանում են նրանց այդ հավատին:
Եթե դուք գործատու եք կամ գնորդ, ավելի քիչ գին առաջարկեք, քան սպասում եք: Եթե դուք աշխատակից եք կամ վաճառող, մի վախեցեք ավելի շատ խնդրել, քան սպասում եք ստանալ: Դուք կհայտնաբերեք, որ շատ հաճախ դա աշխատում է ձեր օգտին:
4. Լսեք:
Մարդկանց մեծ մասը մեծագույն շատախոսներ են, բայց սարսափելի լսողներ: Եթե դուք նրանց թվին եք պատկանում, ձեզ համար օգտակար կլինի իմանալ, թե ինչպես լավ լսող դառնալ, ինչը թույլ կտա ձեզ առավել հաջողությամբ վարել հետագա բանակցությունները:
Ինչու է դա ձեզ պետք: Քանի որ դուք չեք կարողանում ուշադիր լսել, դուք ոչ միայն չեք կարողանա մինչև վերջ լսել մյուս կողմի տեսակետը, այլև բաց կթողնեք կարևոր դետալներ: Եվ առանց ողջ անհրաժեշտ ինֆորմացիայի՝ շատ դժվար է հաջողությամբ ավարտել բանակցությունները:
Հաջորդ բանակցությունների ընթացքում աշխատեք, որ ձեր խոսելու ժամանակը կազմի մյուս կողմի ներկայացուցիչների խոսելաժամանակի կեսը կամ անգամ մեկ երրորդ մասը:
Լակոնիկ եղեք ձեր բացատրությունների մեջ և կարողացեք ճիշտ հարցեր տալ:
Ջանքեր գործադրեք այլ մարդու տեսակետն իսկապես հասկանալ փորձելու համար: Դրա համար դուք համբերությամբ պետք է զինվեք:
5. Բանակցությունները վարեք ուժի դիրքերից:
Սա հավանաբար ամենակարևոր պահերից մեկն է, քանի որ դա ազդում է ձեր վարքագծի ու ողջ բանակցային գործընթացի հեռանկարի վրա:
Ձեզ անհրաժեշտ է յուրաքանչյուր դետալը մանրամասն քննարկել սեփական ուժերի վրա վստահ մարդու զգացողությամբ: Դա նշանակում է, որ դուք երբեք չպետք է բանակցություններ սկսեք` համարելով, որ դա ձեր միակ որոշումն է:Անկախ այն բանից, թե դուք ինչ եք փորձում ստանալ, դուք պետք է ունենաք մի քանի տարբերակ, որոնք դուք կարող եք անհրաժեշտության դեպքում օգտագործել:
Դա ձեզ թույլ կտա ինքնավստահ լինել, և դուք կկարողանաք ձեր գիծը մինչև վերջ տանել, այլ ոչ թե հուսահատության մեջ փոխել տակտիկան, եթե մյուս կողմը պինդ ընկույզ դուրս գա:
Ձեր հակառակորդը միանգամից կհասկանա, որ դուք գտնվում եք հուսահատ վիճակում ու նախաձեռնությունը միանգամից իր ձեռքը կվերցնի: Այդ պատճառով էլ նախքան բանակցությունները սկսելը համոզվեք, որ ձեր ձեռքում ևս մի քանի ուժեղ խաղաքարտեր կան:
6. Կարողացեք հասկանալ տողատակերը, զգայուն եղեք:
Բանակցություններում 2 կողմ է մասնակցում, որոնք արդյունքում պետք է փոխհամաձայնության գան:
Այդ պատճառով էլ դուք պետք է ոչ միայն լավ լսող լինեք, այլև կարողանաք կարդալ տողամեջերն ու տողատակերը: Ձեզ դրեք ուրիշ մարդու փոխարեն: Ինչ է նա ուզում: Ինչ կստանա դրանից: Ինչի մասին է փորձում պայմանավորվել: Ինչ է դա նրա համար նշանակում:
Եթե դուք բանակցությունների ընթացքում բոլոր այդ պահերին ուշադրություն դարձնեք, դուք կօգնեք մարդուն ստանալ այն, ինչ ինքն ուզում է, ինչի հետևանքով ինքը երջանիկ կլինի պատասխանել փոխադարձությամբ ու ձեզ տալ ձեր ուզածը:
7. Մի շտապեք:
Բանակցությունը խաղ է. Ու նյարդերն ավելի ամուր կլինեն, նա էլ կհաղթի: Դուք չպետք է շտապեք, քանի որ մյուս կողմը դա անմիջապես կնկատի, ինչից հետո կզգա, որ կարող է բանակցությունները վարել արդեն ուժի դիրքերից` ներկայացնելով ավելի ծանրակշիռ պահանջներ ու դնելով ավելի խիստ ժամկետներ` իմանալով, որ դուք ստիպված կլինեք ընդունել դրանք, եթե ուզում եք ավարտել գործարքը:
Նա, ով շատ ժամանակ ունի, միշտ գտնվում է ավելի շահեկան վիճակում:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը