Բաժիններ՝

«Վերջին շրջանում հայ-թուրքական սահմանի հատման դեպքերն ավելացել են». ԱԱԾ փոխգնդապետ

ԱԱԾ փոխգնդապետ Հակոբ Հատիկյանն անդրադառնալով վերջին շրջանում հայ-թուրքական սահմանային հատումների  հաճախականությանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, թե լինում են դեպքեր, որ դրանք կարող են լինել որպես սադրիչ գործողություններ, երբեմն էլ՝ համապատասխանում են իրականությանը, և այս առումով ԱԱԾ-ն համագործակցում է ռուս սահմանապահների հետ:

«Ճիշտ է, վերջին շրջանում սահմանի հատման դեպքերն ավելացել են, սակայն վերջին դեպքերի հետ կապված՝ չեմ կարող ասել՝ դրանք սադրիչ բնույթ կրո՞ւմ են, թե՞ ոչ, քանի որ ընթանում է քննություն, սակայն այդ ոլորտը մեր կողմից վերահսկվում է»,- նշեց Հ. Հակոբյանը:

Ինչ վերաբերում է ռուս սահմանապահներին չվստահելու հետ կապված դիտարկմանը, ապա Հ. Հատիկյանի խոսքով՝ սա համակարգ է, որը գործում է սահմանված կարգով, և նրանց չվստահելու հիմքեր չկան:

«Շատ ժամանակ ռուս սահմանապահներն այդ տեղեկությունները ստանում են մեր քաղաքացիների տեղեկություններով, և այստեղ շղթան փակ է, ուստի նրանց չվստահելու հիմքեր չունենք»,- ասաց ԱԱԾ փոխգնդապետը:

Հարցին՝ ՀՀ այն սահմանների դեպքում, որոնք պահպանվում են ռուս սահմանապահների կողմից, ռուսական կողմն ունի՞ պարտավորություն ստացած տեղեկատվությունն ամբողջությամբ փոխանցելու հայկական կողմին, Հ. Հատիկյանը պատասխանեց.

«Այս ոլորտում համագործակցության շրջանակներում նրանք ամբողջապես փոխանցում են տեղեկատվությունը: Իհարկե, կարող է լինել տեղեկատվություն, որն առնչություն չունենա տվյալ իրադարձության հետ և անմիջապես չառնչվի  ՀՀ անվտանգությանը: Դեպքեր կան, որ այլ հետախուզական կազմակերպություններ օգտագործելով մեր տարածքը՝ աշխատում են հենց ռուսների դեմ, այս առումով նրանք պարտավոր չեն մեզ տեղեկացնել»,- շեշտեց Հակոբ Հատիկյանը:

Հարցին՝ Թուրքիայի կողմից քանի՞ անձ է հավաքագրվել ընդդեմ Հայաստանի և ի՞նչ դեպքերով, Հակոբ Հատիկյանը պատասխանեց, որ բացահայտ գործերից հայտնի է Բոջոլյանի գործը, որի դատավարությունը եղել է: «Այս ուղղությամբ հրապարակային բացահայտումներ չունենք»,- ընդգծեց Հ. Հատիկյանը:

 Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս