«Ինչպե՞ս են ընդունվելու օրենքները. վարչապետի ասելո՞վ, վարչության որոշմա՞մբ, թե՞…»
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետընտրական նորընտիր ԱԺ – մաս 2
Այս անգամ քաղաքական կուլտուրայի մասին, կամ ավելի ճիշտ դրա միայն մեկ տարի՝ դիսցիպլինայի, իմա՝ կարգապահության մասին։
Քաղաքական դիսցիպլինաները ժողովրդավարությունից ժողովրդավարություն տարբեր են։ Գերմանիան համարվում է ամենից շատ դիսցիպլինա ունեցող կուսակցությունների երկիր, այսինքն, եթե կուսակցությունը մի բան որոշում է, նրա բոլոր անդամները՝ պատգամավորները, այդ որոշմամբ են քվեարկում։
Այսպիսին էր նաև Հայաստանը մինչ այս պահը։ Իշխող՝ ՀՀԿ կուսակցությունը մեկ մարդու պես քվեարկում էր, իսկ ընդդիմությունը՝ նմանապես, մեկ մարդու պես հակադիր ձայնն էր տալիս։
Մանր-մունր օրենքների մասին չեմ խոսում, այլ էականների։ Նախկինում, ի դեպ (ինչ-որ չափով մինչև այժմ էլ), կար պրակտիկա, որ խնդրահարույց օրենքներին իշխանության կուսակցության (հիմնականում օլիգարխ) անդամները բացակայով էին արտահայտում իրենց դեմը կամ աներկբա դիրքորոշումը։
Ինչքան ընդդիմությունը կոնսոլիդացվում էր, այդքան իշխանական կուսակցությունը մեծացնում էր կուսակցական կարգապահությունը։
Կան նաև այլ երկրներ ու մոդելներ, որտեղ պատգամավորները քվեարկելիս հաշվի են առնում նաև իրենց ընտրողների առաջ տված խոստումները, իրենց արժեքները, տարատեսակ խմբավորումներին հարելը և այլն։
Օրինակ, ԱՄՆ-ում հայկական խումբն (Armenian caucus) ունի և՛ դեմոկրատական կուսակցությունից, և՛ հանրապետական կուսակցությունից անդամներ։ Ու հայկական հարցում այս խմբի անդամները չեն ենթարկվում որևէ կուսակցական դիսցիպլինայի։
Այժմ հերթը «Իմ քայլինն է»։ Արդյո՞ք այն կլինի խիստ դիսցիպլանար խմբավորում, թե՞ թույլատրվելու է որոշակի ազատություն։
Օրենքների մեծամասնությունը շարունակվելու է գրվել գործադիրում։ Ներկայացվելու է ԱԺ։ Ինչպե՞ս են ընդունվելու օրենքները։ Վարչապետի ասելո՞վ, վարչության որոշմա՞մբ, թե՞ պառլամենտարիզմով՝ բովանդակային քննարկմամբ։ Պառլամենտում սեփական ֆրակցիայի կողմից դիմադրություն ունենալը դժվարացնելու է երկրի կառավարումը. դիսցիպլինար խմբավորում ունենալը հեշտ է։
Սակայն, տվյալ դեպքում էլ հանգելու ենք նախկին քաղաքական կուլտուրային։ Ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի «Իմ քայլը» կուսակցական դիսցիպլինայի առումով, սակայն կարող եմ նշել մի քանի կետ դրա հետ կապված.
1. Եթե Իմ քայլը լինի խիստ դիսցիպլինար ու շարունակի եղած քաղաքական կուլտուրան, ապա.
ա. կառավարությունը կթուլացնի իր զգոնությունը՝ վստահ լինելով, որ ցանկացած որակի օրենք անցողիկ է։
բ. կթուլանա լուրջ խնդիրների շուրջ նախնական քննարկումը, այսինքն օրենք նախագծելիս նախարարությունները քիչ ուշադրություն կդարձնեն հանրային հաղորդակցությանը
գ. կուժեղանան պառլամենտում քննարկումները, այսինքն հասարակությունը կսկսի հաղորդակից լինել փոփոխությանը արդեն իսկ օրենքի ընդունման փուլերում:
դ. Լինելով «կայուն մեծամասնություն» հեշտ կլինի ընդդիմադիր կուսակցությունների նույնիսկ կատարյալ «դեմ»-ի դեպքում անցկացնել անհրաժեշտ նախագծերը:
ե. դիսցիպլինար կուսակցական կուլտուրան վերջնական կխարսխվի, որը կարող է ունենալ կամ լավ զարգացում կամ վատ։ Լավը կլինի, եթե կուսակցականմերձ ու հակակշիռ ինստիտուտները զարգանան (շտիֆտունգներ, մամուլ, վերլուծական կենտրոններ և այլն)։ Վատը կլինի, եթե քաղաքացիական հասարակության ոլորտում տեղաշարժ չարձանագրվի (մնա նախկին անտագոնիստական մոդելը):
2. Եթե «Իմ քայլը» դառնա նվազ դիսցիպլինար պառլամենտական ուժ։ Ապա կա երկու սցենար.
ա. Ընդդիմությունը, հանձինս ԲՀԿ-ի ու Լուսավորի, որդեգրում է խիստ դիսցիպլինար մշակույթ, որի արդյունքում «Իմ քայլը« սկսում է պայքարել իր իսկ անդամների դեմ, որպեսզի ձայներ կորզի ու կարողանա օրենք անցկացնել։ Ընդդիմադիր բևեռից ձայն կորզել չի ստացվում։
բ. Երկարաժամկետ սա հանգեցնում է այնպիսի քաղաքական կուլտուրայի ձևավորման, որ սովորական են դառնում տարբեր շահերը ներկայացնող խառը մոդելի կիրառումը, երբ հնարավոր է լինում ստանալ/համոզել նաև այլ կուսակցության անդամների ձայները և անցկացնել օրենք։ Այս սցենարը շատ ջանք է պահանջում։
Ամփոփում
Ցավոք, Սահմանադրությունը և ընտրական օրենսգիրքն այնպես են գրված, որ ի սկզբանե բացառում են համագործակցային մոդելը։ Իսկ, ինչպես գիտենք խաղերի տեսությունից, դժվար է փակ համագործակցային խաղ խաղալ, ոչ համագործակցային խաղի պայմաններում։
Դժվար է, թեպետ անհնար չէ։
Հարցի պատասխանը ոչ միայն «Իմ քայլում» է, այլ նաև ԲՀԿ-ում և Լուսավորում։ Ի՞նչ տեղի կունենա ԲՀԿ-ի այն պատգամավորի հետ, որը քվեարկի ոչ դիսցիպլինար ձևով։ Ինձ թվում է, որ ԲՀԿ-ն մնալու է խիստ դիսցիպլինար կուսակցություն։
Այս պարագայում Լուսավորն ու «Իմ Քայլը» կարող են համաձայնության գալ ոչ դիսցիպլինար քաղաքական մշակույթի ձևավորման շուրջ։ Սրա ծայրահեղ օրինակն, այսպես ասած, բրիտանական «ապստամբների» պրակտիկան է, երբ կուսակցության անդամները ցուցադրական դեմ են գնում կուսակցության հիմնական գծին։
Շատերը չգիտեն, սակայն այս կուլտուրան հնարավորություն է տալիս ձևավորել կուսակցության հաջորդ կորիզը կամ ղեկավարությունը, եթե նրանց բռնած դիրքը ճիշտ դուրս գա (այսինքն՝ ժողովուրդը աջակցի նրանց)։ Սակայն քաղաքական մշակույթը ձևավորվում է դարերով ու մի օրվա գործ չի։ Ես ընդամենը խոսեցի դրա մեկ տարրի՝ դիսցիպլինայի մասին, քանի որ ինձ թվում է, որ այսօր բոլորիս է հետաքրքիր, թե ինչպես են որոշումները կայացվելու Իմ քայլում։ Ապրենք, տեսնենք, աջակցենք»։
Հետընտրական նորընտիր ԱԺ – մաս 2Այս անգամ քաղաքական կուլտուրայի մասին, կամ ավելի ճիշտ դրա միայն մեկ տարրի՝ դիսցիպլինայի…
Gepostet von Աշոտ Խուրշուդյան am Freitag, 14. Dezember 2018