«ՀՀԿ-ի գործունեության շատ սկզբունքներ այսօր ընկած են նոր իշխանությունների տեսությունների և քայլերի հիմքում». Նարինե Դիլբարյան
Հարցազրույց լեզվաբան, քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանի հետ
– Տիկին Դիլբարյան, ընտրությունների արդյունքների հրապարակման պահից հիմնական դիսկուրսն այն էր, թե արդյո՞ք ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» կկարողանան դառնալ խորհրդարանական ընդդիմություն։ Այս մեկ շաբաթվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ այդ ուժերն ավելի շատ միմյանց են ընդդիմադիր, չեն դադարում միմյանց հասցեին տարբեր արտահայտություններ հնչեցնել։ Ի՞նչ է մեզ սպասվում խորհրդարանում, չե՞նք ունենալու խորհրդարանական ընդդիմություն։
– Անկեղծ ասած՝ ընտրությունների արդյունքների հրապարակման իսկ պահից ակնհայտ էր, որ այս խորհրդարանում լինելու է միահեծան իշխանություն, հնչեցին արձանագրումներ, որ արդեն հեղափոխությունն ավարտված է, որովհետև «Իմ քայլը» ունի բացարձակ իշխանություն։ Իսկ այն երկու ուժերը, որոնք այսօր իսկապես անհասկանալի բանավեճի մեջ են մտել, թե ով է ավելի ընդդիմադիր, բայց իրականում իրար մեջ են ընդդիմություն ներկայանում, պետք է, թերևս, նախորդ խաղի շարունակությունը լինեն։ Այսինքն՝ եթե հասարակության ինչ-որ շերտեր վստահել են նրանց, կարծում եմ՝ այդ վստահության մեջ պետք է հասկանային, որ այս իրավիճակում և իրենց վարած նախորդ քարոզարշավով նրանք քաղաքական հակակշիռ լինել չէին կարող։
Նոր ընդդիմության հետ կապված ավելի տրամաբանական դատողությունն այն է, որ այդ ընդդիմությունը և հակակշիռների մեխանիզմը կձևավորվի կամ հենց բուն «Իմ քայլը» դաշինքի ներսում, այսինքն՝ խմբակցությունում ընդդիմադիր ուժերի առաջացմամբ, որը տեսականորեն հնարավոր է, բայց գործնականում՝ մի փոքր անորոշ, և երկրորդը արտախորհրդարանական ուժերն են։ Արտախորհրդարանական ուժերը համախմբման և նոր կենտրոնների ստեղծման պարագայում կարող են միահեծան խորհրդարանին լինել լուրջ ընդդիմություն։ Իսկ «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ-ն եթե այսպես շարունակեն, ապա նրանք կարող են կորցնել այն համեստ ձայները, որոնք կարողացել էին համախմբել։
– Իսկ քաղհասարակությունն ի՞նչ դեր ունի այս պարագայում. Հայաստանում կա՞ ձևավորված այն քաղհասարակությունը, որը կարող է հակակշիռ լինել իշխանությունների միահեծան կառավարմանը։
– Ցավոք սրտի, քաղհասարակությունը չկա, որովհետև եթե լիներ քաղհասարակություն, ապա միահեծան խորհրդարան չէինք ունենա, մեկ հեծանի շուրջ չէր համախմբվի ընտրության գնացած ընտրական հասարակությունը և ձայն չէր տա մեկ ուժի, այլ ձայն կտար, ենթադրենք, հեղափոխության գաղափարներին, բայց այլ ձևակերպումներով, այլ ներկայացուցիչներով, այլ ծրագրերով, այլ փորձով։ Սակայն ասել, որ իսպառ չունենք քաղհասարակություն, ևս ծայրահեղություն կլինի, ես կարծում եմ՝ և՛ հասարակական կազմակերպությունների դաշտը, և՛ անգամ այն կուսակցությունների, որոնք տարբեր պատճառներով և հիմնականում հին ԸՕ-ի գործունեության մեջ գտնվելու պատճառով չմտան ընտրապայքարի մեջ՝ այդ ընտրապայքարն ի սկզբանե համարելով ոչ ժողովրդավարական և ոչ արդար, ցույց են տալիս, որ մենք քաղհասարակության կղզյակներ ունենք։ Թե այդ կղզյակները կկարողանան այս ընթացքում համախմբվել և ձևավորել իսկապես հակակշիռ կենտրոն, դժվար է ասել, սակայն դրա նախադրյալները կան։ Եվ ընդհանրապես, պետք է նկատել, որ բացարձակ իշխանությունը միշտ ծնում է հակառակ գաղափարներ և հակառակ ուժային կենտրոններ, դա և՛ բնագիտության, և՛ հասարակագիտության մեջ ապացուցված երևույթ է։
Ուստի, ես հուսով եմ, որ այդ մեկ հեծանի շուրջ հավաքված խորհրդարանը կկարողանա ստեղծել իր հակակշիռն ավելի շուտ խորհրդարանից դուրս՝ արտախորհրդարանական ուժերի և քաղաքացիական դաշտի գործունեության ասպարեզում։
– Արտախորհրդարանական ուժերից ո՞ւմ եք տեսնում ընդդիմություն, Հայաստանի հանրապետական կուսակցությա՞նը։
– Անկեղծ ասած՝ ՀՀԿ-ին չեմ տեսնում՝ որպես գաղափարական ընդդիմություն, որովհետև ՀՀԿ-ի գործունեության շատ սկզբունքներ այսօր ընկած են նոր իշխանությունների տեսությունների և քայլերի հիմքում։ Եթե կարդանք ՀՀԿ-ի առաջ քաշած ծրագրերը, ապա այդ ծրագրերում ոչ մի բացասական երևույթ չկա, բոլոր կուսակցությունների հիմնական կարգախոսն էլ օրինականության հաստատումն է, իրավական պետությունն է, կոռուպցիայից զերծ քաղաքացիական և ժողովրդավարական պետությունը, որի արժեքները ձևավորված են Սահմանադրության մեջ։ Բայց գործունեության մեթոդոլոգիան այլ է՝ վստահել միայն յուրայիններին, նրանց հետ միասին գնալ, հակակշիռներին ամեն կերպ դուրս մղել գործունեության դաշտից: Դրանք ՀՀԿ զինանոցից երևույթներ էին, և ես կարծում եմ՝ ներկա էտապում նրանք ընդդիմադիր են ոչ թե գաղափարախոսությանը կամ Հայաստանի զարգացման տեսլականին, այլ ընդդիմադիր են կոնկրետ անձերին, որոնք իրենց ձեռքից վերցրել են իշխանությունը։
– Բայց նախընտրական շրջանում մենք տեսանք, որ միայն ՀՀԿ-ն է «Իմ քայլը» դաշինքի ընդդիմախոսը։
– Որովհետև միայն ՀՀԿ-ն էր ուզում անձնային պայքար մղել և ռևանշի գաղափարով էր խանդավառված։ Մնացածը չունեին ռևանշի ձգտումը, այլ ուզում էին միշտ լինել իշխանության կողքին։ Գիտեք, հայոց քաղաքական դաշտում, և ոչ միայն՝ քաղաքական, մեր բարոյահոգեբանական հիմքերից մեկն իշխանության հետ լինելն է։ Օրինակ՝ այս ընտրազանգվածի բավականին նկատելի շերտ գիտեմ, որոնք ժամանակին ձայն էին տալիս ՀՀԿ-ին, այս ընտրություններին ձայն տվեցին «Իմ քայլին», որովհետև նրանց համար իշխանությունը միշտ սիրելի է, և իշխանությունն ինչ էլ ասի, արժանի է միայն ծափերի միայն այն պատճառով, որ իշխանություն է։ Այդ տեսանկյունից և՛ ԲՀԿ-ն, և՛ ԼՀԿ-ն տուրք տվեցին այդ մտայնությանը, այսինքն՝ լավ է չասել ոչ մի քննադատական բան իշխանությանը, դրա փոխարեն՝ իրար միջև ծավալել անիմաստ փոխհրաձգություն։