Բաժիններ՝

«Նրանց նպատակն է՝ ձևավորել երիտասարդներ, որոնք մշտապես պարտվողի և զոհի կարգավիճակում կլինեն…». ԱԱԾ աշխատակից

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանից և Թուրքիայից եկող ինֆորմացիոն հոսքերը ճշտվեն, քանի որ դրանց մեծ մասը նպատակ ունի ազդելու հայ հասարակության հոգեբանության վրա:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, ԱԱԾ գնդապետ Արմեն Քինակցյանը: Նրա խոսքով՝ այսօրվա մարտահրավերներից մեկն է տեղեկատվահոգեբանական ազդեցությունը, որը դիտարկում են ընդհանուր հասարակության և պետության տեղեկատվության անվտանգության համատեքստում:

«Տեղեկատվահոգեբանական ազդեցությունից ապահովումը մեզ համար շատ կարևոր է, խոսքը ոչ միայն պետության մասին է, այլև մարդկանց խմբերի, հատկապես՝ երիտասարդների, այստեղ տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիր ունենք՝ ինչպես վտանգավոր տեղեկատվության ներգործությունից, այնպես էլ՝ մանիպուլյացիաներից մինչև հոգեկան աշխարհի ապակողմնորոշում»,- ասաց  Արմեն Քինակցյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում այդ աշխատանքը տարվում է  ոչ թե կոնկրետ լրատվամիջոցների մակարդակով, այլ այդ ամենը դրված է պետական հիմքերի վրա, և այդ ուղղությամբ աշխատում են խոշոր ինստիտուտներ: Ուստի Հայաստանի խնդիրն է՝ այնպես անել, որպեսզի հայ հասարակությունը, հատկապես՝ երիտասարդությունը, հնարավորինս պաշտպանվի այդ ազդեցությունից:

Ըստ նրա, պետք է ուշադիր լինել, և յուրաքանչյուր տեղեկատվական նյութ, որը գալիս է Ադրբեջանից և Թուրքիայից, հնարավորինս վերլուծել:

«Սա մեր հնարավորությունների սահմաններում է, և պետք է դարձնենք պրակտիկա: Ինչ վերաբերում է մանիպուլյացիաներին, ապա դրանք ուղղված են տեղեկատվական ներգործության այնպիսի վիճակի ստեղծման, որը կարող է ազդել մարդու վարքագծի, ցանկությունների, հարաբերությունների վրա: Այն ինֆորմացիաները, որոնք գալիս են Թուրքիայից և Ադրբեջանից, մենք դրանք շատ հստակ նկատում ենք:

Օրինակ, եթե խոսելու լինենք ապրիլյան պատերազմից, ապա մինչև ապրիլյան պատերազմը նրանց կողմից մի քանի տարի շարունակ ինտենսիվ ձևով այդ մանիպուլյատիվ մեթոդաբանությունը նպատակային ձևով կիրառվել է, որպեսզի պատերազմական գործողությունների վերսկսման պահին ստեղծված լինի մի վիճակ, որը, իրենց պատկերացմամբ, պետք է բերեր հայկական կողմի պարտության: Դա տեղի չունեցավ, սակայն սա չի նշանակում, որ այդ գործողությունները չեն շարունակվում»,- շեշտեց Ա. Քինակցյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանից և Թուրքիայից տեղեկատվական հոսքերը տարածվում են առավելապես տեխնիկական միջոցներով, բայց կան նաև միջազգային շփման եղանակներ, որոնցով նույնպես տարածվում է տեղեկատվությունը:

«Միտումնավոր խեղաթյուրված և ապատեղեկատվության միջոցով բոլոր այդ կենտրոնները փորձում են ազդել ընդունվող որոշումների, վարքագծի վրա և խեղաթյուրել հասարակությանը,  հատկապես՝ երիտասարդությանը: Նրանց նպատակն է՝ ձևավորել երիտասարդներ, որոնք մշտապես պարտվողի և զոհի կարգավիճակում կլինեն, օրինակ՝ մտածելով, որ վաղը պատերազմ կլինի, և երկրում ապագա չկա, ուստի պետք է արտագաղթեն, սա ադրբեջանական կողմի համար բավականին արդյունավետ է, եթե այն չի ոչնչացնում, ապա թուլացնում է: Այդ ընթացքում ի՞նչ է տեղի ունենում, մենք ժողովրդագրական խնդիրներ ունենք, ուստի այդ բթացման գործընթացով ինքնաբերաբար կարող են հասնել հաջողությունների: Սա երկարաժամկետ ծրագիր է, սակայն այն կա և ունի լուրջ տեղեկատվական բաղադրիչ»,- ընդգծեց Արմեն Քինակցյանը:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս