«Սա հեղափոխության արտահանումն է Արցախ». Աղասի Ենոքյան

Հարցազրույց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի հետ

Պարոն Ենոքյան, Արցախի ՊԲ ղեկավար Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել Արցախի Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փոփոխությունը:

– Ես կարծում եմ, որ բանակի հրամկազմում այս փոփոխությունները, ի վերջո, կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղի ղեկավարության փոփոխությանը, և սա, փաստորեն, հեղափոխության արտահանումն է Արցախ: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Արցախում ստանալ այնպիսի ղեկավարություն, որն իր կողմից ամբողջովին վերահսկելի կլինի:

Դրա մեջ ի՞նչ սպառնալիք եք տեսնում:

– Սպառնալիքն այստեղ այն է, որ Ղարաբաղում իշխանության կգա այնպիսի նոր էլիտա, նոր իշխանավորներ, որոնք այլևս բանակային ծագում չունեն: Ըստ էության՝ խոսք է գնում, որ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կարող է գալ իշխանության՝ որպես Լեռնային Ղարաբաղի ղեկավար, իսկ սա այն էլիտան է, որն արդեն բանակային ծագում չունի, այլ ունի բիզնես ծագում: Այսինքն՝ սա կնշանակի, որ մի կողմից՝ բանակի խնդիրներին շատ ավելի քիչ ուշադրություն կդարձվի, և մյուս կողմից՝ դժվար է հասկանալ, թե բանակը որքանով կառավարելի կլինի:

Իսկ հակամարտությա՞ն առումով:

– Հակամարտության սրման դեպքում սա բավականին վտանգավոր է, որովհետև մինչև նոր իշխանությունը, նոր հրամանատարությունը կարողանան, այսպես ասած, մտնել բանակի խնդիրների մեջ, շատ հնարավոր է՝ Ադրբեջանի կողմից լրջագույն սպառնալիքներ լինեն:

– Ղարաբաղի հրամկազմի այս փոփոխությունների հիմքում, Ձեր կարծիքով, արտաքին միջամտություն կա՞:

– Միջամտություն կա Հայաստանի կողմից:

– Իսկ ավելի խոշոր խաղացողների, գերտերությունների՞ կողմից:

– Արտաքին միջամտություն կլինի Հայաստանի նկատմամբ, Հայաստանն էլ իր հերթին՝ կարող է ազդել Ղարաբաղի վրա: Անմիջապես Ղարաբաղի նկատմամբ դրսից ճնշումների ապացույցներ դեռևս չկան:

– Նախընտրական շրջանում Դավիթ Շահնազարյանը հայտարարեց ու պնդեց, թե Նիկոլ Փաշինյանն իրականացնում է «իշխանություն՝ Արցախի փոխարեն» քաղաքական ծրագիր: Դուք ի՞նչ կարծիք ունեք դրա մասին, և ի՞նչ հիմքեր կան դրա համար:

– Դա, կարծես, քաղաքական հայտարարություն է, բայց ես տեսնում եմ՝ այս հրամկազմի փոփոխությունը, ես տեսնում եմ Ադրբեջանի կողմից իրենց պաշտպանական դիրքերի ամրապնդում, որը կարող է օգտագործվել նաև հարձակման համար, և դա պայմանավորված էր Դուշանբեի վերելակում Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ, որ մեր զորքերը չեն կրակելու այդ, այսպես կոչված, շինարարների վրա, ես տեսնում եմ լրջագույն փոփոխություններ բանակցային ֆորմատի մեջ՝ ոչ ի նպաստ Ղարաբաղի կամ Հայաստանի: Այսինքն՝ այս բոլորը միասին հիմք է տալիս խոսել այն մասին, որ, այո՛, մենք ունենք անվտանգության լրջագույն սպառնալիքներ:

Եվ ի՞նչն է այս ամենից ամենացավալին կամ հետաքրքիրը, որ Ղարաբաղի դիսկուրսն իշխանությունները ցանկանում են հանել օրակարգից, և, երբ խոսք է գնում Ղարաբաղի մասին, թե՛ իշխանությունները, թե՛ իշխանություններին կից փորձագետները տալիս են շատ հետաքրքիր պատասխաններ. ասում ես՝ կա անվտանգության սպառնալիք, ասում են՝ կբռնեն-կնստացնեն, բերում ես կոնկրետ փաստեր, նրանք ասում են՝ սուտ է, իսկ ամենալավ մշակված պատասխանն այս է՝ Սերժի ժամանակ լա՞վ էր: Այսինքն՝ ամբողջովին խնդրից չբխող և քննարկումը սպանող պատասխաններ են, որոնք, ես կարծում եմ, ցույց են տալիս դրանց հեղինակների սնանկությունը:

– Շահնազարյան-Փաշինյան այդ «հրաձգությունը», ԱԱԾ-ի, այսպես կոչված, սպառնալիքը զուտ նախընտրական երկխոսություն կամ մեղադրանք-պատասխան չէ՞ր նրանց միջև:

– Ես կարծում եմ, որ այդ երկխոսությունը, կարծես, սպառնում է վերածվել մենախոսության, որովհետև իշխանությունների և նրան սպասարկող էքսպերտների կողմից չեն տրվում համարժեք պատասխաններ, քննարկում չի գնում, որովհետև խնդիրները շարունակում են մնալ օդում, շարունակում են մնալ բարձրացված, և դրանց պատասխաններ չեն տալիս:

–  ԵԱՀԿ Մինսկի խումբը հերթական հայտարարությունն է անում, որում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին խոսք չկա: Ինչո՞ւ:

– Դա շատ վտանգավոր միտում է, որովհետև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի այդ պայմավորվածություններն էին, որ կարող էին այսօր տեխնիկապես ապահովել զինադադարը, և ոչ թե վերելակում Փաշինյան-Ալիև հանդիպմամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:

– Խոսվում էր ՀՀ-ում ընտրություններից հետո երկու երկրների ղեկավարների՝ Փաշինյանի ու Ալիևի հանդիպման մասին: Ի՞նչ նախադրյալներ կան դրա համար, և ի՞նչ կարելի է ակնկալել դրանից:

– Նախադրյալն այն է, որ հայկական կողմը լրջագույն նահանջներ է արձանագրում ինչպես տեխնիկական առումով, ռազմաճակատի գծի, այնպես էլ՝ դիվանագիտական, որ, ինչպես նշեցիք, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վերաբերյալ արդեն չկան հիշատակումներ միջնորդների հայտարարությունների մեջ: Այստեղից երևում է, որ հայկական կողմն ավելի թույլ է ներկայանալու բանակցություններին, քան մինչ այսօր:

Տեսանյութեր

Լրահոս