Էվերեստը հաղթահարած հայազգի լեռնագնացը պատրաստվում է նոր նվաճումների
Լեռնագնաց, վազորդ Արա Խաչատուրյանը ծնունդով Լիբանանից է: Այնտեղ, երբ սկսվեց քաղաքացիական պատերազմը, ընտանիքը որոշեց տեղափոխվել Ֆրանսիա: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արա Խաչատուրյանը պատմում է, որ բնակություն հաստատեցին Մարսելում: Տարիներ անց Արան սկսում է զբաղվել ոսկերչությամբ, որն էլ շուտով դառնում է իր հիմնական գործունեությունը:
«Երբ 40 տարեկան էի, մի անգամ Լիբանանից իր մտերիմ ընկերներն ինձ հրավիրեցին մասնակցելու մարաթոնյան վազքի: Առաջարկը հավանեցի, և ես սկսեցի ակտիվորեն մարզվել: Նախապատրաստական ընթացքից, մարաթոնյան վազքից ոգևորված որոշեցի ակտիվ մարզվելը շարունակեմ: Որոշ ժամանակ անց, երբ արդեն Ֆրանսիայում էի, ևս մեկ մրցման մասնակցելու առաջարկ ստացա: Մարզումներս բարձր մակարդակով պահելու համար որոշեցի բարձրանալ Մոնբլան լեռը, որի բարձրությունը հասնում է 4810 մետրի: Երբ առավոտյան 6.30-ին հասա լեռան գագաթ ու արևածագը վայելեցի, շատ տպավորվեցի, շատ ոգևորիչ էր: Դա խթան դարձավ, որ շարունակեմ լեռնագնացությունը»,-պատմում է Արա Խաչատուրյանը: Նա հետագայում բարձրացավ Կիլիմանջարո լեռը, Արարատը, որն ըստ Արայի, շատ հուզիչ էր:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունն Արային հրավիրեց պատմելու, թե ինչպես բարձրացավ Արարատ լեռը: Այդ ժամանակ 2013 թվականն էր: Քննարկման ընթացքում Արա Խաչատուրյանը հանդես եկավ առաջարկությամբ: Նա տեղեկացրեց, որ աջակցության դեպքում կբարձրանա աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի, գագաթը:
«Ես պատրաստվում էի իմ արշավը նվիրել Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Ցանկանում էի այդ քայլով հանրության ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության հարցի վրա: Կոչս՝ ճանաչելն էր 1915 թվականի ողբերգությունը: Այդ կարևոր գործում աջակիցներ ունենալուց հետո սկսեցի ծանր նախապատրաստական աշխատանքներ: Եղա մի շարք վայրերում՝ Պերու, Բոլիվիա, Էկվադոր, և այնտեղ բարձրացա նախ 6 հազար, այնուհետև 6 հազար 300 , 6 հազար 500, 6 հազար 700 մ բարձրությամբ լեռներ»,-ասաց Արա Խաչատուրյանը: Նրա խոսքով, դա բավարար չէր Էվերեստը բարձրանալու համար, հետևաբար ճանապարհորդեց դեպի Ղրղզստան, որտեղ բարձրացավ 7 հազար 134 մ բարձրություն ունեցող Լենինի Պիկ լեռը:
Մի շարք բարձունքներ հաղթահարելուց հետո 2015 թվականին տեղափոխվում է Կատմանդու՝ Էվերեստը բարձրանալու համար:
«Շատ շատ էի մարզվում, քայլում էի, վազում, հեծանիվ էի քշում, լողում էի, աստիճաններ էի բարձրանում՝ ծանր պայուսակ կրելով, ոտքերիս ծանրություն էի կապում, բերանիս լաթ էի դնում, որ քիչ թթվածին լիներ, չէ՞ որ լեռ բարձրանալիս թթվածինը գնալով պակասում է: Աշխատանքային օրերին մարզվում էի 3-6 ժամ, հանգստյան օրերին՝ ավելի հաճախ: Շնչառությունս էի ուժեղացնում: Օր կար 16 ժամ քայլում էր»,-ասաց Արա Խաչատուրյանը:
Էվերեստի գագաթի ճանապարհը դժվարին է եղել, խմբի անդամներից շատերը նույնիսկ կեսից հրաժարվել են շարունակել ճանապարհը: Բավական տպավորիչ է եղել վերջին օրը:
« 8 հազար 300 մ բաձրության վրա էինք գտնվում, այդ օրը երեկոյան 20:30-ին որոշեցինք շարժվել առաջ: Գագաթին հասել ենք առավոտյան 8.30-ին, 8 հազար 848 մետր բարձրությունը հաղթահարված էր: Շատ հուզիչ էր, շատ տարօրինակ զգացողություններ էին: Ի դեպ, խմբից մի քանիսն այդպես էլ գագաթ չհասան»,-ասաց նա:
Էվերեստը բարձրանալիս Արա Խաչատուրյանը նամակ է գրում Թուրքիայի նախագահին՝ կոչ անելով առերեսվել պատմությանը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նամակը տեղ հասցնելու համար հանդես եկավ նոր նախաձեռնությամբ՝ «Խաղաղության վազք» Մարսելից Երևան: Այն մեկնարկել է այս տարի ապրիլին Մարսելից եւ ավարտվել հուլիսին՝ Երեւանում: Մարաթոնի ընթացքում նա անցել է 8 երկիր, 150 քաղաք եւ հաղթահարել է մոտ 5000 կմ տարածություն: Ճանապարհին, երբ գտնվում էր Թուրքիայի տարածքում, այդ ժամանակ այնտեղ նախագահական ընտրություններ էին: Քանի որ չգիտեր, թե ով էր լինելու նախագահը, հետևաբար նամակը չհանձնեց և վազքը շարունակեց Երևան, որտեղ այդ ժամանակ իրականացվում էր հեղափոխություն:
«Ես ապրիլի սկզբին սկսեցի խաղաղության վազքը, Նիկոլ Փաշինյանն էլ իրականացրեց խաղաղ հեղափոխություն: Շատ ուրախ էի, որ հանգիստ եղան իրադարձությունները: Մարդկանցից հզոր էներգետիկա էր գալիս, բոլոր շատ ուրախ էին, ժպտում էին: Նրանք մեծ հույսով էին, որ փոփոխություններ կլինեն: Իմ ուղերձն այն է, որ համատեղ ու ամենօրյա աշխատանքով հասնեն իրենց նպատակին»,-ավելացրեց Արա Խաչատուրյանը:
Քանի որ Թուրքիայի նախագահին հասցեագրված նամակը դեռ իր մոտ է, այն տեղ հասցնելու համար որոշել է նոր նախաձեռնությամբ հանդես գալ: Այս անգամ Միջերկրական ծովով թիավարելով՝ Մարսելից հասնելու է Լիբանան: Նա կանցնի Իտալիա, այնուհետև Հունաստան Թուրքիա, որտեղ կանգ կառնի և նամակը կհանձնի Թուրքիայի նախագահին, հետո կշարժվի Սիրիա, վերջին կանգառը կլինի Լիբանանը: Նրա խոսքով, եթե կարողանա օրական 100 կմ թիավարել, ապա մոտավոր Լիբանան կհասնի 50 օրում: Առաջիկայում կսկսի նախապատրաստական աշխատանքները: Նախաձեռնությունն իրականություն կդառնա 2019-ին կամ 2020-ին, դա կապված է իր պատրաստվածության աստիճանից:
Էվերեստը հաղթահարած հայ լեռնագնացը պատրաստվում է նոր նվաճումների
Էվերեստը հաղթահարած հայ լեռնագնացը պատրաստվում է նոր նվաճումների
Gepostet von Armenpress am Freitag, 7. Dezember 2018
Աննա Գզիրյան