«30 տարի առաջ հայ ժողովրդին պատուհասած աղետին քիչ ժողովուրդներ կարող էին դիմանալ». Արա Պապյան

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամները Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին այցելեցին Վանաձոր և ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։

«Սասնա ծռեր» կուսակցության համակիրներից քաղաքագետ Արա Պապյանի խոսքով՝ 30 տարի առաջ հայ ժողովրդին պատուհասած աղետին քիչ ժողովուրդներ կարող էին դիմանալ, քանի որ այդ աղետը զուգորդվում էր մի ամբողջ երկրի տրոհմամբ, պատերազմով ու հալածանքներով։

«Սակայն ժողովուրդը ցույց տվեց, որ հավատարիմ է իր արմատներին, ունի ուժեղ արմատներ և իր պայքարի մեջ պետք է կերտեր նոր պետություն և հաղթեր պատերազմում։ Մենք դա կարողացանք միասին անել, ցավալի է, որ դեռևս 30 տարի անց մարդիկ կան, որ տնակների մեջ են, ցավալի է, որ դեռևս հաղթահարված չէ աղետի բոլոր ծանր հետևանքները»,- իր խոսքում նշեց Արա Պապյանը։

Ըստ նրա, աղետի հետևանքների առկայության պատճառներից մեկն այն է, որ չի եղել համաժողովրդական պետություն՝ ոչ միայն միջոցների պակասն է եղել, այլև դրանց մսխումը և վատ կառավարումը։

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարծես թե համընկան աղետի օրվա հետ, երկու օր հետո պետք է վերածննդի մի փուլ բացվի մեր ժողովրդի առջև։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդն իր թևերը պետք է բացի, և այսուհետև, երբ մենք հանդիպենք, պետք  է խոսենք մեր նվաճումների, այլ ոչ թե կորուստների մասին»,- նշեց Ա. Պապյանը։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամները ծաղիկներ խոնարհեցին նաև Սպիտակում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ։
Կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Գարեգին Չուգասզյանը նշեց, որ Սպիտակում ծանոթացել են մի կնոջ հետ, որը երկրաշարժից հետո բոլորովին մենակ է մնացել, և երկրաշարժից հետո նման մարդիկ շատ են։

«Դժվար է պատկերացնել մի ժողովրդի, որը կկարողանա արժանապատվորեն տանել այն բոլոր արհավիրքները, որոնք տարավ հայ ժողովուրդը։ Մեր ազգին մեծ տոկունություն է տրված, որ ճակատագրի բոլոր հարվածներին կարողանում է արժանապատվորեն դիմանալ և մեջքը չծռել»,- շեշտեց Գ. Չուգասզյանը։

Նշենք, որ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում, արդեն երկրորդ օրն է, Լոռու մարզում են։

Զվարթ Խչատրյան

Տեսանյութեր

Լրահոս