Ո՞ւմ կողմից է կազմակերպվել Վահրամ Բաղդասարյանի և Էդուարդ Շարմազանովի պաստառների դեմ արշավը
Համացանցում՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» նախընտրական դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կողմից օրեր առաջ տարածվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի նախընտրական պաստառի մի լուսանկար, որը մեծ աղմուկ առաջացրեց։ Շատ-շատերը կատարվածը գնահատեցին՝ գործող իշխանությունների կողմից ատելություն սերմանող հերթական փաստ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստները գլուխ էին խոնարհել Վահրամ Բաղդասարյանի նկարի առջև՝ այն համարելով հանգուցյալի դիմանկար (լուսանկարը՝ ստորև)։
Ոստիկանությունն այդ կապակցությամբ ոչինչ չձեռնարկեց, այն դեպքում, երբ նկարում ակնհայտ երևում էր, թե ովքեր էին դա արել, այն դեպքում, եթե նման բան տեղի ունենար Փաշինյանի լուսանկարի նկատմամբ կամ «Իմ քայլը» դաշինքի որևէ ներկայացուցչի հանդեպ՝ անմիջապես կարձագանքեին։
Այսօր էլ որոշ անձինք վնասել-պատռել էին ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովի՝ Արագածոտն-Լոռի ավտոճանապարհին տեղադրված նախընտրական վահանակը։
Ըստ 168.am-ին հասած տեղեկությունների՝ և՛ Վահրամ Բաղդասարյանի նախընտրական պաստառի առջև սանձարձակ պահվածքով այդ լուսանկարը, և՛ Էդուարդ Շարմազանովի նախընտրական պաստառի վնասումը կազմակերպվել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի կողմից Լոռու մարզում առաջադրված պատգամավորության թեկնածու Արփի Դավոյանի շտաբի կողմից։