Նիկոլ Փաշինյանը գործարք է կնքել Մելիք գյուղի հետ
Նիկոլ Փաշինյանը գործարք է կնքել Մելիք գյուղի հետ։ Այս մասին այսօր Ծաղկահովիտում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Գործարքը հետևյալն է՝ կառավարությունը ջանքեր է գործադրում ենթակառուցվածքների բարելավման համար, բայց դուք էլ ձեր կողմից պարտավորվում եք, որ անասնագլխաքանակը էականորեն առաջիկա 5 տարիներին պիտի աճի էդ գյուղերում և մշակվող հողատարածքները պետք է աճեն»,- ասաց Ն.Փաշինյանը։
Ըստ նրա՝ այդ տարածաշրջանում ներդրումային լուրջ ծրագրեր են իրականացվելու՝ անասնաբուժական քոլեջ է կառուցվելու, ջրագծեր, խմոցներ են կառուցվելու և այդ ամենի նպատակը աշխատանքի քաջալերումն է։
Ն.Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում ավանդական մեթոդներով արտադրված միսը շատ հարգի է և անասնապահական կուլտուրան բարձր է ու լրջորեն պետք է աշխատել մսի արտահանման ծավալներն ավելացնելու համար։
Բացի աշխատանքից, ըստ Փաշինյանի, աղքատության վերացման համար խիստ կարևոր է կրթությունը, և երկրում կա 8000-ից ավելի ուսուցիչ, որ ստանում են մոտ 40 հազար դրամ աշխատավարձ, նույնիսկ 25 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա, իսկ դա նշանակում է, որ ինքնազարգացման և աշխատանքի մոտիվացիան կորսված է.
«Հաստատ կան նաև նվիրյալներ, որ էս աշխատավարձի պայմաններում իրենք իրենց վրա ազշխատում են, չարչարվում են և այլն, բայց մեծ հաշվով հանդուրժել էն փաստը, որ մեր երկրում երեխայի ապագան որոշող մարդը 25 հազար դրամ աշատավարձ է ստանում, նշանակում է քար գցել էդ երեխաների ապագայի վրա»։
Ն.Փաշինյանը նշեց, որ դրա համար 2 պատճառ կա՝ դպրոցների ֆինանսական վիճակն ու այդ չարաբաստիկ կոռուպցիան։ Նրա խոսքով՝ մի քանի գյուղերում դեպքեր են բացահայտվել, որ գյուղապետները իրենց ծանոթ-բարեկամներին դպրոցում պահակ ու վարորդ են գրանցել, սակայն էդ հաստիքների կարիքը չկա, ու դրա պատճառով է նաև պակասում ուսուցչի աշխատավարձը, իսկ մյուս աշխատողները լռում ու հանդուրժում են.
«Սա նշանակում է, որ մենք մեր ձեռքով մեր տունը քանդում ենք, հետևողական, քլունգը առած, մեր տան հիմքերը քանդում ենք»։
Ն.Փաշինյանը նշեց, որ կառավարությունը փորձում է լուծել աշխատավարձերի բարձրացման խնդիրը, բայց նաև հանրությունը պետք է գիտակցի, որ երեխաներին պատրաստում են 21-րդ դարի կյանքի. «Ինչքան բարձր է մարդու կրթական ցենզը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ նա ի վերջո աղքատության ճիրաններում չի հայտնվի»։