«Անհրաժեշտ է, որ մեր ղեկավարները շատ նուրբ, անկեղծ ու լուրջ քաղաքականություն վարեն»

Երևանում նոյեմբերի 30-ին մեկնարկեց «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը, որը կրում է «Հայաստան և Ռուսաստան՝ երկու Հայրենիքներ: Պաշտպանություն և անվտանգություն» խորագիրը: Ի տարբերություն նախկինում գաղտնիության պայմաններում գործող հայ-ռուսական «Գրիբոյեդով» ակումբի, «Լազարևյան ակումբի» աշխատանքները հասանելի են, բաց ԶԼՄ-ների և հասարակության համար:

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ ակումբի աշխատանքներին ներկա գտնվելու, մասնակցելու նպատակով հրավիրվել են ՀՀ բոլոր նախկին նախագահները, ներկայիս իշխանությունն ու Արցախի Հանրապետության իշխանությունը: Նիստի առաջին օրվա ընթացքում երկու հայկական հանրապետությունների նախկին ու ներկա ղեկավարները ներկա չէին:

«Մենք գիտենք, որ Հայաստանի նախագահն օտարերկրյա այցի է, խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում է մասնակցելու միջխորհրդարանական ասամբլեայի նիստին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցում է նախընտրական արշավին: Մենք պահանջներ չունենք նրանց: Մենք առանց բացառության հրավիրել ենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարներին, ինչպես նաև ԼՂՀ գործող նախագահին, որը, հուսով եմ, վաղը ելույթ կունենա նիստին»,- ասել է Զատուլինը:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Զատուլինն իր հրապարակային ելույթում, ինչպես նաև լրագրողների հետ կարճ խոսակցության ընթացքում ընդգծեց, որ ակումբի նիստն անցկացվում է Հայաստանի համար կարևոր ներքաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում, սակայն դրա ընթացքում մտադիր չեն քննարկել ներքաղաքական իրավիճակը, քանի որ չեն ցանկանում տպավորություն ստեղծել, որ միջամտում են:

Հրթիռային զորքերի և հրետանու ռուսական ակադեմիայի նախագահի տեղակալ Կոնստանտին Սիվկովն իր ելույթում նշեց, որ համաշխարհային ճգնաժամը շարունակվում է, և գործող աշխարհակարգի պայմաններում անհնար է լուծել տարաձայնությունները, հատկապես, երբ խոսքը ռեսուրսների սպառման մասին է:

Ուստի, Սիվկովի համոզմամբ, նոր աշխարհակարգի ստեղծման խնդիր է առաջանում: Նրա կարծիքով, ռուս-հայկական հարաբերություններն այս ֆոնին կարևոր նշանակություն ունեն, քանի որ տարածաշրջանի համար պայքարը դառնում է ավելի սուր: ՌԴ Գիտությունների ակադեմիայի ԱՄՆ և Կանադայի ինստիտուտի Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Բոբկինն էլ ասաց, որ Հայաստանը Ռուսաստանի համար ոչ թե պարզապես կարևոր ռազմավարական նշանակություն ունի, այլ կենսականորեն նշանակություն ՌԴ հարավային սահմանների պաշտպանության տեսանկյունից:

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը ևս իր տեսլականը ներկայացրեց տարածաշրջանի անվտանգության խնդիրների վերաբերյալ՝ ասելով, որ Իրանի հնարավոր բաժանումը 7 մասի չի կարող չառնչվել Ադրբեջանին և Ղարաբաղին:

Ակումբի նիստի աշխատանքներին էր մասնակցում նաև հեղինակավոր գեներալ-լեյտենանտ, ՀՀ ԶՈՒ հիմնադիր Նորատ Տեր-Գրիգորյանցը: Նրա խոսքով, Հարավային Կովկասը յուրահատուկ, ռազմաքաղաքական իրավիճակի տեսանկյունից զարհուրելի տարածաշրջան է:

«Հենց այդ պատճառով կցանկանայի շեշտել, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է, որ մեր ղեկավարները շատ նուրբ քաղաքականություն վարեն, ի դեպ, շատ լուրջ, անկեղծ: Ուշադրություն դարձրեք, Վրաստանը-Թուրքիան-Ադրբեջանը ստեղծել են իրենց միությունը, Ռուսաստանը-Ադրբեջանը-Թուրքիան-Իրանը` իրենց, իսկ Հայաստանն այդ միությունների մեջ մնացել է բավականին վտանգավոր իրավիճակում: Միևնույն ժամանակ Թուրքիան Վրաստանի միջոցով Հայաստանի շուրջ երկաթուղի է կառուցում և հավելյալ արգելափակում է ստեղծում այս երկրի համար»,- նկատեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Ռուսաստանաբնակ Տեր-Գրիգորյանցը հռետորական հարցով դիմեց ակումբի ներկայացուցիչներին՝ ասելով, թե ինչպե՞ս է ստացվում, որ ներկայումս Ադրբեջանը, որը Հայաստանին թշնամի է համարում, Թուրքիայի հետ անելով ամեն հնարավորը Հայաստանին մեկուսացնելու համար, պնդելով, որ Երևանն իրենն է, հանկարծ ստանում է սպառազինություն մեծ քանակությամբ՝ ՀԱՊԿ-ում իր գործընկեր երկրի կողմից: Նրա խոսքով, դա ատելություն է հարուցում, քանի որ այդ սպառազինությամբ ոչնչացնում են:

«Ու այստեղ այնպիսի պատերազմ կարող է սկսվել, որ ավելի վատ կլինի, 100, 150 անգամ ավելի վատ»,- ասաց նա:

Նաև հավելեց. «Կա մեկը, որ «Սասնա ծռերից» է, ասում է՝ հեռացրեք բազան, Ռուսաստանը և այլն, ում քաղաքականությունն է նա իրականացնում: Թուրքիայի, ԱՄՆ-ի: Ինչո՞ւ է նա դրանով զբաղվում, որպեսզի թուլացնի այդ ուղղությունը, բայց Հայաստանն ավելի թույլ է, քան Թուրքիան և Ադրբեջանը, դա հայտնի է»: Ուրեմն, ըստ նրա՝ Ռուսաստանը Հայաստանի հետ որպես մեկ բռունցք պետք է լինի:

Նրա ելույթին հաջորդեցին ակումբի հայ մասնակիցների ելույթները` Դավիթ Շահնազարյանի, Հայկ Խալաթյանի, Արամ Գասպարի Սարգսյանի, Գևորգ Միրզայանի և այլոց:

Նիստի երկրորդ հատվածի բացմանը մասնակցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նշեց, որ դեռևս մի քանի ամիս առաջ Զատուլինի հետ հերթական հանդիպման ընթացքում իրենք քննարկել են նրա այս գաղափարը: «Ես նրան լիակատար աջակցություն եմ հայտնել, ուրախ եմ, որ այս ակումբի մասնակիցները շատ հեղինակավոր անձինք են, ինչպես հայ, այնպես էլ ռուս»,- ասաց Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահի որակմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության կարիք ունեն: «Ուղիղ և անուղղակի կոչերը՝ վերանայել Հայաստանի և հայության համար ավանդական աշխարհաքաղաքական առաջնահերթությունները, Հայաստանի համար այսքան անհանգիստ ժամանակաշրջանում էական սպառնալիք են իրենցից ներկայացնում:

ՏՏ-ն, համացանցը ներկայումս մեծ հնարավորություններ են ընձեռում մանիպուլյացնել հասարակական տրամադրությունները, հնարավորություն են տալիս ներդնել անվստահության էլեմենտներ մեր հասարակություններում միմյանց նկատմամբ, որն անխուսափելիորեն կհանգեցնի մեր տարիներ ձգվող կապերի էրոզիային»,- ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով, յուրաքանչյուր ընկերություն պահանջում է ջանքեր, ընկերությունը մեր էներգիայի, ժամանակի և զգացմունքների ամենաքիչը կարիքն ունի: Քոչարյանի դիտարկումների համաձայն, ընկերությունն ունի էներցիա ևս, բայց միայն իներցիայի վրա չի կարող զարգանալ և լինել կայուն:

«Հիշեք, թե մենք մեր կյանքում որքան ընկերներ ենք կորցրել միայն այն պատճառով, որ չենք ներդրել բավարար ջանքեր նրանց պահպանելու համար: Դա նման է երկկողմանի երթևեկությամբ փողոցի: Ընկերությունը դադարում է այն ժամանակ, երբ կասկածներ են առաջանում ընկերների մտադրության անկեղծության վերաբերյալ, և երբ կողմերից մեկը ձգտում է ստանալ ավելին, քան պատրաստ է ինքը տալ: Դժվար է ընկերություն անել միշտ խնդրողի, պնդաճակատի, բողոքողի հետ, նման հարաբերություններն անխուսափելիորեն փոխակերպվում են վասալային հարաբերությունների: Սա արդար է ոչ միայն անձնային, այլև միջկառավարական հարաբերությունների դեպքում: Հենց այստեղ, հենց միջկառավարական հարաբերություններում պետք է լինել հասկանալի, կանխատեսելի, վստահելի և մեկը մյուսին անհրաժեշտ գործընկերներ: Երկրների միջև գործընկերությունը միայն շահերի համընկնում չէ, դա պետական շահերի և խորը մարդկային գործոնի սինթեզ է մեր հասարակությունների հարաբերություններում:

Ես չեմ կարող նման գործոնների ուժեղ ազդեցությամբ երկրների հարաբերությունների օրինակներ բերել, ինչպես Հայաստանի և Ռուսաստանի դեպքում: Միայն քարտեզը և համաշխարհային գլոբուսը նայեք, նման օրինակներ գրեթե չկան: Այդ հարաբերությունները մենք ժառանգել ենք և ամենօրյա ջանքեր պետք է ներդնենք պահպանելու և զարգացնելու համար: Ես շատ կցանկանայի, որ «Լազարևյան ակումբը» դառնար առանցքային գործիքներից մեկն այդ գործունեության համար: Եվ դա կախված է Ձեզնից` ակումբի անդամներից»,- ասաց Ռ. Քոչարյանը` ակումբին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Նա պատրաստակամություն հայտնեց հետագայում մասնակցել ակումբի աշխատանքներին՝ լինելով նաև բանախոսի դերում: Խոսքն ավարտելով՝ ՀՀ երկրորդ նախագահն իր հեղինակած գիրքը նվիրեց Կոնստանտին Զատուլինին: Նիստի երկրորդ հատվածի ընթացքում շարունակվեցին ռուս և հայ գործիչների ելույթները աշխարհաքաղաքական հարաբերությունների, աշխարհակարգի և դրանցում հայ-ռուսական հարաբերությունների կարևորության ու առանցքայնության մասին:

Նշենք նաև, որ ակումբի աշխատանքները շարունակվելու են այսօր և նվիրված են լինելու ԼՂ հակամարտությանն ու կարգավորման գործընթացին:

Տեսանյութեր

Լրահոս