Բաժիններ՝

Բրյուսելի ու Լոնդոնի միջև ձեռք բերված համաձայնագիրը միակ հնարավորն է. Տուսկ

Մեծ Բրիտանիան պետք է ընտրություն անի առանց համաձայնագրի Եվրամիության կազմից դուրս գալու («կոշտ» Brexit) եւ Brexit-ից հրաժարվելու միջեւ, եթե երկրի խորհրդարանը դեկտեմբերի 11-ին հավանություն չտա ԵՄ-ի՝ նոյեմբերի 25-ի գագաթնաժողովում հաստատված համաձայնագրին:

Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով Արգենտինայի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ ընթանում է G20-ի գագաթնաժողովը:

«Եթե այդ գործարքը մերժվի, ապա կմնա միայն մեկ այլընտրանք՝ «կոշտ» Brexit-ը կամ Brexit-ից հրաժարվելը»,-ասել է Տուսկը: Եվրախորհրդի ղեկավարը հերթական անգամ ընդգծել է, որ Բրյուսելի ու Լոնդոնի միջեւ ձեռք բերված համաձայնագիրը միակ հնարավորն է:

«Խորհրդարանում քվեարկությունից մի քանի օր առաջ ավելի ու ավելի ակներեւ է դառնում, որ այդ համաձայնագիրը լավագույնն է բոլոր հնարավորներից եւ իրապես՝ միակ հնարավորը»,-հավելել է նա:

ԵՄ-ի երկրների ղեկավարները նոյեմբերի 25-ին հաստատել են Brexit-ի պայմանների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագիրը եւ Լոնդոնի հետ ապագա հարաբերությունների մասին քաղաքական հռչակագիրը: Ուժի մեջ մտնելու համար համաձայնագիրը պետքէ ստանա Եվրախորհրդարանի եւ բրիտանացի օրենսդիրների հավանությունը: Վերջիններս այն պետք է քննարկեն դեկտեմբերի 11-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս