«Աստված չանի՝ վատանան հայ-ռուսական հարաբերությունները, որտե՞ղ են մարդիկ կարողանալու վաղն իրացնել իրենց բերքը». Արթուր Բաղդասարյան

ՕԵԿ նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 30-ին Էջմիածնում նախընտրական քարոզարշավի ընթացքում խոսեց Արմավիրի մարզում գյուղատնտեսության ոլորտի, ոռոգման ջրի մասին:

«Արմավիրում խնդիրներ կան՝ նաև գյուղմթերքն իրացնելու հետ կապված: Մենք դրա համար հանդես ենք գալիս ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի համագործակցության օգտին: Աստված չանի՝ վատանան հայ-ռուսական հարաբերությունները, որտե՚՞ղ են մարդիկ կարողանալու վաղն իրացնել իրենց բերքը: Այսօր լուրջ խնդիր կա բանկային համակարգում: Վարկերը հարձակվել են ազգի վրա:  Գործազրկությունը հարձակվել է ազգի վրա»,- քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Արթուր Բաղդասարյանը:

ՕԵԿ նախագահը նշեց, որ իրենք առաջարկում են մրցունակ ծրագրեր ու գաղափարներ՝ երկրի զարգացման բոլոր ուղղություններով:

«Էջմիածինը Հայաստանի հոգևոր մայրաքաղաքն է: Մենք հանդես ենք գալիս հայ ավանդական արժեքների պաշտպանության, եկեղեցու ամրապնդման, քրիստոնեական արժեքները տարածելու օգտին: Ո՛չ ենք ասում օտարամոլությանը, անպարկեշտ բարքերին, որոնք փորձում են սողոսկել հայկական օջախներ»,- ընդգծեց Արթուր Բաղդասարյանը:

Նշենք, որ ՕԵԿ-ը խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցում է «Օրինականություն, արդարություն, ապահովություն» կարգախոսով։

Ծրագրային 50 կետերում անդրադարձ կա, օրինակ՝ բանկային համակարգին, որի  համար, ըստ նրանց՝ անհրաժեշտ է զարգացման նոր ռազմավարություն, վարկավորման տոկոսադրույքների կտրուկ կրճատում, գյուղատնտեսության ոլորտում պետության կողմից վարկերի սուբսիդավորում այն հաշվարկով, որ վարկային տոկոսադրույքը չգերազանցի տարեկան 10% դրամային վարկավորման շեմը, որից մինչև 5%-ը՝ պետության սուբսիդավորմամբ: «Պետություն-բանկ համատեղ աշխատանքի միջոցով քաղաքացիների, այսպես կոչված, սև ցուցակների վերացում և բանկային տույժ-տուգանքների արմատական վերանայում»:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, ապա նա նշեց, որ իրենք կարևորում են գյուղատնտեսության ապահովագրման քաղաքակիրթ համակարգի ներդրումը, որի շնորհիվ գյուղացին կստանա երաշխավորված ֆինանսական օգնություն աղետների դեպքում:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս