«Մեզ համար շատ կարևոր է, որ մեռելը թաղվի». ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյան

«Այս քարոզարշավի ժամանակ մեզ շատ են հարցնում, թե ինչու ենք այդքան անդրադառնում ՀՀԿ-ին. Նրանք տեղով էլ մեռած են քաղաքական առումով։ Ես ուզում եմ բացատրել, թե ինչու ենք մենք այսքան անդրադառնում Հանրապետական կուսակցությանը։ Որովհետև երբ օրգանիզմը մեռած է լինում, բայց թաղած չի լինում, դա հիմնականում, եթե նայենք լեգենդներին, բերում է զոմբիացման կամ վամպիրիզմի։

Զոմբիներն են, որ քայլող մեռելներն են, կամ վամպիրներն են, որ մահացած են ու շարունակում են արյուն խմել։ Մենք ուզում ենք թաղել մեռելին։ Մեզ համար կարևոր է, որպեսզի Հանրապետական կուսակցությունը, որը մարմնավորումն է այն արատավոր, կոռուպցիոն, կեղծիքի համակարգի, որը եղել է, թաղվի։

Մեզ համար շատ կարևոր է, որ մեռելը թաղվի, և որպեսզի Հայաստանում իրական քաղաքական բանավեճեր սկսվեն, քանի որ, խոստովանենք, որ մեռելի հետ բանավիճելը շատ դժվար է։ Եվ ես հույս ունեմ, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունները կդառնան Հանրապետական կուսակցության՝ որպես արատավոր համակարգի մարմնացումի, թաղման գործընթացը, երբ որ ցանկացած քաղաքացի կմտնի քվեախուց, կքվեարկի «Իմ քայլը» դաշինքին, չի քվեարկի Հանրապետական կուսակցությանը, և այդպիսով մի բուռ հող կլցնի այդ դագաղին»,- երեկ «Արարատ» Հ/Ը եթերում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ հեռուստաբանավեճի ժամանակ այսպես ավարտեց իր ելույթը ՀՀ փոխարտգործնախարար, «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Ռուբեն Ռուբինյանը։

Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ իրենք դիմելու են միջազգային դիտորդներին՝ այս ատելության խոսքի համար։

«Հարգելի հեռուստադիտողներ, հիշեք, որ այս գործընկերը, այս խոսքերը արտաբերողը Հայաստանի փոխարտգործնախարարն է, մարդ, որը հենց նոր, ձեր ներկայությամբ ատելության խոսք ու անհանդուրժողականություն տարածեց մեր հանդեպ, Հայաստանի հանրապետական կուսակցության հանդեպ, որի անդամները ՀՀ քաղաքացիներ են։ Մենք սա ֆիքսելու ենք դիտորդական առաքելությունների առջև, և ցավում եմ, որ այս խոսքերը հնչում են այսքան երիտասարդ մարդու կողմից»,- եզրափակեց ԿԳ նախկին նախարարը։

 

Տեսանյութեր

Լրահոս