«Հետհեղափոխական Հայաստանում երկրորդ տեղն առաջին տեղն է». Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանն այսօր Արթիկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց այս ընտրություններով արթիկցիները կարող են վերականգնել բաց թողած հնարավորությունը.
«Երկրում զրոյական վիճակ է։ Իշխանության հարցը լուծված է, մյուս ուժերը կռվում են մյուս տեղերի, լուսանցքում չմնալու համար։ Մենք պայքարում ենք երկրորդ տեղի համար, հետհեղափոխական Հայաստանում երկրորդ տեղն առաջին տեղն է»։
ԼՀԿ-ն, ըստ նրա՝ որդեգրել է արիստոտելյան սկզբունքը. «Արիստոտելն ասել է՝ քաղաքականությունը մարդկանց կյանքը երջանիկ դարձնելու միջոց է։ Այս սկզբունքով ենք մենք մտել քաղաքականություն։ Երբ մտնում էինք քաղաքականություն, մեզ ասում էին դա զզվելի բան է, թողեք կեղտոտ մարդիկ դրանով զբաղվեն, բայց քաղաքականությունը մեր ապագան է որոշում։
Եթե խելացի, լավ կրթություն ստացած, ազնիվ մարդիկ չեն գնում քաղաքականություն, ո՞ւմ ենք թողնում, որ մեր ապագայով զբաղվի, ո՞ւմ ենք թողնում, որ մեր ճակատագրերը կառավարի։
Հիմա չունենք այդ արատավոր երևույթները՝ փող բաժանել, այս անել, այն անել, եթե ունենք ձեռքը կբռնենք։ Քաղաքացին ստացել է բացառիկ շանս՝ ազատ, հանգիստ, առանց լարվելու, ուսումնասիրելով բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը, անցած ճանապարհը, դեկտեմբերի 9-ին ընտրի «Լուսավոր Հայաստանին», որովհետև եկել է նոր ուժերի, քաղաքական սերնդափոխության ժամանակը»։
Քաղաքական սերնդափոխությունն, ըստ նրա՝ ոչ թե տարիքի, այլ մշակույթի մասին է։